Արթուր Աբրահամն ուզում է պատմություն կերտել
Ապրիլի 9-ին Լաս Վեգասում պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամին կդիմակայի 24-ամյա Ջիլբերտո Ռամիրես Սանչեսը: Գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն, պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկը 4-րդ անգամ կմենամարտի ԱՄՆ-ում՝ փորձելով 6-րդ անգամ պաշտպանել չեմպիոնական գոտին: Աբրահամի՝ ԱՄՆ-ում կայացած նախորդ երեք մենամարտերից երկուսն ավարտվել են հայ բռնցքամարտիկի պարտությամբ:
Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքի հեղինակավոր «MGM Grand» մարզապալատում սպասվող մենամարտին կհաջորդի նաև մեկ այլ խոշոր իրադարձություն. ռինգ դուրս կգա ֆիլիպինցի Մեննի Պաքիայոն, ում կդիմակայի Թիմ Բրեդլին: Խոսելով Պաքիայոյի մենամարտի մասին՝ Աբրահամը նշել է, թե ինքը ուրախ է, որ Արբահամ-Ռամիրես մենամարտը նախորդում է ֆիլիպինցու մենամարտին:
«Պաքիայոն մնում է Պաքիայո: Նա պատմություն ունեցող մարզիկ է: Նա 8 քաշային կարգերում չեմպիոնության է հասել: Դա արդեն իսկ պատմություն է: Ինքս էլ կարող եմ պատմություն կերտել»,- «BoxingScene.com» կայքի փոխանցմամբ ասել է Աբրահամը:
Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում 44 հաղթանակի հասած և ընդամենը 4 պարտություն կրած Աբրահամին բաժին ընկած Ռամիրեսը դեռևս չի ճաշակել պարտության դառնությունը: Մեքսիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը 33 մենամարտերում հաջողության է հասել:
Աբրահամը խոսել նաև մենամարտի վայրի մասին՝ նշելով, որ ինքն այդ մարզապալատում կայացած բազմաթիվ մենամարտերի ականատես է եղել. «Հիշում եմ Մայք Թայսոնի մարտերը: Հիշում եմ նաև Ջուլիո Սեզար Չավեսի մարտերը: Իսկապես շատ մարտեր եմ տեսել: Իհարկե, նաև Ֆլոյդ Մեյվեզերի մարտերն եմ տեսել: Նա լավագույններից լավագույնն է: Նա իսկապես ցույց է տվել, թե ինչերի կարելի է հասնել բռնցքամարտի շնորհիվ»:
Վերջին անգամ 2015 թ. նոյեմբերին մենամարտ անցկացրած (միավորներով հաղթանակ է գրանցվել անգլիացի Մարտին Մարեյի դեմ մարտում), 44 հաղթանակների 29-ը մրցակցին նոքաուտով հաղթած Աբրահամը ԱՄՆ-ում նախորդիվ մենամարտել է 2011 թ.-ի մայիսին՝ Կալիֆոռնիայում պարտվելով Անդրե Ուորդին: Առայժմ անպարտելի Ռամիրեսը (33 հաղթանակից 24-ը եղել են նոքաուտով) ԱՄՆ-ում մենամարտերի առավել մեծ փորձ ունի: