«Բոլորը պետք է խախտող կողմին պատասխանատվության ենթարկեն». Սեյրան Օհանյան
«Մենք բոլոր առումներով ուշադրության տակ ենք պահում զոհվածների, վիրավորների և անհետ կորածների բոլոր խնդիրները: Ժամանակ պետք չէ, որպեսզի մենք իմանանք, որ այդ ցավը նաև հպարտություն է: Դա մեր ազգի հպարտությունն է»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Ըստ նրա` մեկ այլ խնդիր է անհետ կորածների հարցը. «Համապատասխան աշխատանք տանում ենք, Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հետ է աշխատանք տարվում: Այս պայմաններում, երբ ադրբեջանական կողմն ավելի շատ կորուստներ ունի, մեզ համար ավելի հեշտ կլինի նաև պետական մակարդակով իրենց ղեկավարության հետ բանակցություններ տանելու ու փոխանակում անելու համար»: Հարցին` արդյոք հայկական կողմը չպե՞տք է խստացնի իր դիրքորոշումը և Ռուսաստանից պահանջի, որպեսզի այլևս զենք չվաճառի Ադրբեջանին, Ս.Օհանյանը պատասխանեց, որ այդ հարցերը մշտապես բարձրաձայնում են, փորձում են խստացնել.
«Բայց միաժամանակ ուզում եմ ասել, որ Արցախյան ազատամարտի սկզբից զենքերի տարբեր տեսակներ կային, ասում էին, որ, եթե այդ տեսակները կիրառեն, վատ կլինի, կոչնչացվեն, և այլն: Սովորել ենք այդ զինատեսակներին, մեր զինծառայողները պատրաստ են ցանկացած զինատեսակի դեմ պայքարել և արժանի պատասխան տալ: Այսօր մենք ունենք այն ճշգրիտ հեռահար միջոցները, որոնք մենք օգտագործելու ենք՝ անհամաչափ խնդիրներ իրականացնելու համար»:
Ս.Օհանյանը չբացառեց, որ կրակի դադարեցման համաձայնության պայմաններում հակառակորդը կարող է նորից վերսկսել ագրեսիան.
«Այդ հարցը համահունչ է մարտական գործողությունների և նաև ռազմական տեսանկյունից տարբեր միջոցառումների իրականացմանը: Թույլ տվեք, որպեսզի այս ամենը վերլուծի մասնագիտական կառույցը: Չեմ կարծում, որ ՀՀ ՊՆ-ն ու ԼՂՀ ՊՆ-ն այնքան անմիտ են, որ չեն մտածում, որ ցանկացած այսպիսի քայլ նաև մոլորեցնելու նպատակ ունի: Նաև այս օրերին միջազգային հանրությունը համարժեք գնահատական չտվեց այս ռազմական գործողություններին: Մենք բոլորս պետք է համապատասխան աշխատանք տանենք, որ բերենք այնպիսի իրավիճակի, որ արձագանքները թիրախային լինեն, և թիրախավորված լինի այն կողմը, որն այս իրականությունը բերել է զինված դիմակայության, ավելին, ոճրագործություններ ու հանցագործություններ է կատարում: Բոլորը պետք է խախտող կողմին պատասխանատվության ենթարկեն: Այսօրվա մեր ռազմաքաղաքական ղեկավարությունն այդ ուղղությամբ աշխատանք տանում է»: