«Օպերատիվ մարտավարական նախաձեռնությունն այսօր Պաշտպանության բանակի ձեռքերում է». Սեյրան Օհանյան

«Այո, վերահսկողությունն ամբողջությամբ Պաշտպանության բանակի ձեռքերում է: Այսօր կրակի դադարեցման շրջանակներում պայմանավորվածության որոշակի խախտումներ են եղել ադրբեջանական կողմից, բայց այդ ամենը վերահսկվում է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` պատասխանելով հարցին, թե այսօր մեր դիրքերի առումով ունե՞նք ապրիլի 1-ի իրավիճակը: Նա կարևորեց, որ ԼՂ հակամարտության շրջանակներում բանակցային գործընթացը շարունակական լինի. «Ցանկացած պայմաններում, նույնիսկ ամենաթեժ մարտերի պայմաններում բանակցությունները կարևոր են ու պետք է շարունակական լինեն: Եթե ձեզ թվում է, որ մենք այսօր կարող ենք թույլ կողմից ներկայանալ, այդպես չէ, որովհետև Ադրբեջանի ղեկավարությունը, գտնվելով ԼՂՀ Պաշտպանության բանակի հետ լայնածավալ պատերազմական վիճակում, ոչ մի հաջողության չի հասել:

Դեռ ավելին, հուժկու հակահարված է ստացել, տասից ավելի անգամ շատ կորուստներ է ունեցել: Այս պայմաններում երևի թե նաև նախաձեռնող կողմերից մեկն էլ իրենք են եղել, որ՝ ստեղծենք պայմաններ ու դադարեցնենք կրակը՝ հետագայում այլ որոշումներ ընդունելու համար: Օպերատիվ մարտավարական նախաձեռնությունն այսօր Պաշտպանության բանակի ձեռքերում է»: Ս.Օհանյանը հավաստիացրեց, որ արցախյան կողմն այսօր կորցրած հենակետեր չունի, և մարտավարական առումով կրակի և նախաձեռնողական գործողությունները ՊԲ վերահսկողության տակ են գտնվում: Նա նշեց, որ միայն այն պայմաններում կարող ենք վստահ լինել, որ հրադադարը չի խախտվի, երբ ադրբեջանական կողմը վստահորեն կասի, որ գնում է և պատրաստ է վստահության մեխանիզմների ձևավորմանը, պատրաստ է միջազգային հետաքննությությունների անցկացմանը, որ, եթե խախտումներ լինեն, խախտող կողմը պատասխանատվություն կրի:

 

Տեսանյութեր

Լրահոս