Բաժիններ՝

Ներկա պահին կենտրոնական հոսպիտալում կա 30 վիրավոր

ՀՀ ՊՆ Կենտրոնական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց. «Երեկ չէ առաջին օրվա դրությամբ ընդունել ենք ևս 18 վիրավոր զինծառայող, և ներկա պահին ունենք 30 վիրավոր, որոնցից 5-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 4 ժամկետայինի վիճակ է ծայրահեղ ծանր և մեկ պայմանագրայինի (ԵԿՄ անդամի):

5 զինծառայողի վիճակ գնահատվում է ծանր կայուն, մյուսների վիճակը` միջին ծանրության և բավարարին մոտ։ Կոմայի մեջ գտնվում է մեկ հոգի։ Դա Հայկ Թորոսյանը չէ, նրա վիճակը ծանր է գնահատվում։

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներն ունեն տարբեր վիրավորումներ` հիմնականում հրազենային բեկորային վնասվածքներ` վերջույթներ, որովայն, կրծքավանդակ և գլուխ»:

Ա. Ասատուրյանը նշեց, որ հոսպիտալում բացասական ռեզուսի արյան կարիք չկա, դրսից բերված սննդի կարիք էլ չկա. «Պարզապես մեր ժողովրդի համախմբվածության, միասնության ցանկությունն է, ու ոչ մի խնդիր»:

Նա ասաց, որ երեկ հոսպիտալ այցելած ՀՀ պաշտպանության նախարարը զրուցել է բոլորի հետ` որ դիրքում է եղել, ինչ կարգավիճակում է եղել, պատասխանն ինչպես են տվել հակառակորդին։ Հարցին` մոտավորապես քանիսի՞ վիրավորումն է այնպիսին, որ ապագայում կարող են շարունակել ծառայությունը, նա պատասխանեց. «Հիմնականում կարող են։ Խոսքը նաև ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների մասին է»: Նա մանրամասնեց, որ հոսպիտալում գտնվող ԵԿՄ անդամը վիրավորվել է Մատաղիսի տարածքում, նա 50 տարեկան է»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս