«Մենք ցավ ենք զգում, երբ ՌԴ-ն, և ոչ միայն ՌԴ-ն, այլև այդ կառույցի անդամ մյուս երկրները զենք են վաճառում Ադրբեջանին». Սերժ Սարգսյան

Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում երեք օրվա ռազմական գործողությունները ցույց տվեցին` ուժը զինատեսակի ժամանակակից լինելու և տանկերի թվի մեջ չէ:

«Ադրբեջանը երևի թե ունի ավելի ժամանակակից զինատեսակներ, և այս երեք օրվա ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ իրոք այդ զինատեսակները գործում են: Բայց ուժը զինատեսակի ժամանակակից լինելու մեջ չէ, ավելի ճիշտ, ամբողջովին դրա մեջ չէ, ուժը տանկերի թվի մեջ չէ, այլ այն հավատի մեջ, որ կա ղարաբաղցիների և ընդհանրապես հայ ժողովրդի մեջ, որն ամեն գնով պաշտպանելու է իր հայրենիքը:

Այո, մենք հիմնականում կռվում ենք 1980-ական թվականների զենքով, բայց այս երեք օրվա կոնֆլիկտը ցույց տվեց, թե ով ինչպես է կռվում, թե ադրբեջանցիներն ինչքան կորուստներ ունեն, և մենք ինչքան ունենք, թե մենք ինչպես ենք վերաբերում մեր կորուստներին` մեր հասարակությանն ամեն վայրկյան անգամ տեղեկացնելով ինչ կորուստ ունենք, քանի մարդ է զոհվել, քանիսը վիրավորվել, քանի տեխնիկա ենք կորցրել: Իսկ փորձեք Ադրբեջանում մի այդպիսի տեղեկություն գտնել. չեք կարող: Գիտեք, պատերազմը շատ վատ բան է, ես նորություն չեմ ասում: Բայց մյուս կողմից այս երեք օրերի պատերազմը ցույց տվեց, որ ազատ հասարակությունում ավելի հեշտ է կռվել, քանի որ ժողովրդի սատարումն ամենամեծ բանն է: Ուժը դրա մեջ է»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստին` Սերժ Սարգսյանն ասել է. «Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և մենք գտնվում ենք անվտանգության նույն համակարգում` ՀԱՊԿ-ում: Բնական է, որ մենք ցավ ենք զգում, երբ Ռուսաստանը, և ոչ միայն Ռուսաստանը, այլև այդ կառույցի անդամ մյուս երկրները զենք են վաճառում Ադրբեջանին: Բայց շատ լավ հասկանում եք, որ մեր հնարավորությունները սահմանափակ են ազդելու այդ գործընթացի վրա»:

Տեսանյութեր

Լրահոս