Կիպրոսի ԱԳՆ-ն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում ուժի կիրառումը

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի Նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը ստացել է Սլովակիայում Կիպրոսի դեսպան պարոն Նեարխոս Պալասի կողմից ջերմ նամակ, որտեղ ներկայացվում է Կիպրոսի ժողովրդի և իշխանությունների հատուկ վերաբերմունքը՝ Արցախի հարցի շուրջ Հայաստանին և ողջ հայությանը սատարելու հարցում։ Որպես ասվածի հաստատում և արծարծված հարգանքի հավաստիք իր նամակին նա կցել է Կիպրոսի Կառավարության և Ներքին Գործերի Նախարարության կողմից ստորագրված և Արտաքին Գործերի Նախարարության կողմից ներկայացված №7 մամլո հաղորդագրությունը /04/04/2016/ պաշտոնական հայտարարության տեսքով՝ կապված Արցախի հարցի հետ։

Կիպրոսի Հանրապետության Արտաքին Գործերի Նախարարությունը դատապարտում է Լեռնային Ղարաբաղում ուժի կիրառումը և դրա հետևանքով առաջացած մարդկային կորուստը։

«Կիպրոսի Հանրապետության Կառավարությունը ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղում/Արցախում այս մտահոգիչ իրադարձությունների զարգացմանը, որոնք առաջ եկան Ադրբեջանի ռազմական ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտմամբ։

Մենք դատապարտում ենք ուժի կիրառումը և մարդկային կորուստները, հատկապես՝ քաղաքացիական բնակչության շրջանում և մենք հորդորում ենք Ադրբեջանին՝ հարգել status quo ante-ն։

Այս կոնֆլիկտի խաղաղ կարգավորման համար չկա այլընտրանք և Կիպրոսի Հանրապետությունն ընդգծում է ԵԱՀԿ Մինսկի խմբի և երեք Համանախագահների դերն այս նպատակին հասնելու հարցում։ Միաժամանակ, մենք հորդորում ենք Թուրքիային՝ զերծ մնալ ցանկացած տիպի գործունեությունից և հայտարարություններից, որոնք ապակայունացնում են ծավալված իրավիճակը»։

Տեսանյութեր

Լրահոս