
Մուրացանի հոսպիտալում զինծառայողը դուրս է եկել կոմայից. վիճակում կա դրական դինամիկա

Մուրացանի հոսպիտալում գտնվող ժամկետային զինծառայող Հայկ Թորոսյանը դուրս է եկել կոմայից, վիճակը արդեն գնահատվում է կայուն ծանր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Երևանի Մուրացանի զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: «Նա միացված էր արհեստական շնչառական ապարատին, սակայն նրա վիճակում դրական դինամիկա կա, քանի որ վիճակը ծայրահեղ ծանրից դարձել է կայուն ծանր»,-ասաց Ասատուրյանը:
Հայկ Թորոսյանն արձագանքել է հոր` Դավիթ Թորոսյանի խոսքին, սեղմել նրա ձեռքը:
19-ամյա զինծառայողը գլխուղեղի բաց թափանցող հրազենային կույր վիրավորում էր ստացել ապրիլի 2-ին Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների ընթացքում: Նա տեղափոխվել էր Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոց, այնուհետև Երևանի Մուրացանի զինվորական հոսպիտալ: