«Իրավունք չունեին ԵՏՄ նիստը ՀՀ-ում չանցկացնել, մենք ծանր օրերի մեջ էինք, պիտի գային, մեզ պադձերժկա անեին»
Այսօր ԱԺ նիստը սկսելուց առաջ խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում պահպանվում է հարաբերական անդորր:
«Եվս մեկ անգամ պետք է վերահաստատեմ, որ Ադրբեջանի ագրեսորների բլից-կրիգը չհաջողվեց, ԼՂ պաշտպանության բանակը, հայ ժողովուրդը պարտադրել են այս իրավիճակը և խաղաղությունը հակառակորդին: Սա արդյունք է մեր միասնականության և հաստատում այն գաղափարի, որ երբ մենք միասնական ենք, մեր արդար պայքարը գնալու է միայն դեպի հաղթանակ»,- ասաց Է.Շարմազանովը:
«Վերջին մի քանի օրերին ԼՂ նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ակնհայտ ռազմական գործողությունները և դրանց ընթացքում հակառակորդի կողմից կիրառված բացառապես հարձակողական տիպի զինտեխնիկան ցույց տվեցին, որ Ռուսաստանի կողմից պարբերավար Ադրբեջանին զինամթերքի մատակարումը ոչ թե բիզնես է, ինչպես իրենք էին մեկնաբանում, այլ պարզ դարձավ, որ այդ զենքի վաճառքով Ռուսաստանը խախտում է տարածաշրջանում ուժերի բալանսը, ինչը խաթարում է ԼՂ կոնֆլիկտի խաղաղ ճանապարհով լուծելու գործընթացը»,- հայտարարեց պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:
Նա կոչ արեց ՀՀ իշխանություններին, քաղաքական ուժերին` ձեռնարկել անհրաժեշտ քայլեր և պահանջել մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանից, ՀԱՊԿ անդամ և ԵՏՄ անդամ և, ի վերջո, ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ՄԽ համանախագահ Ռուսաստանից հավատարիմ մնալ ՀԱՊԿ առաջին հոդվածին և 97 թվին ՌԴ և ՀՀ միջև կնքված բերակամության պայմանագրին և խզել զենքի մատակարարման պայմանագիրը:
Պատագամավոր Հրանտ Բագրատյանի գնահատականով` ոչ մի վտանգ չի չեզոքացվել, վտանգը շարունակում է մնալ. «Այս ամբիոնից ես ուզում եմ ասել, որ համաձան չեմ մեր բարձրագույն պետական այրերի արտաքին քաղաքականության շատ էլեմենտների հետ, դրանք փափուկ են, չկշռադատված: Մասնավորապես` ես կուզենայի կոչ անել ՀՀ վարչապետին հրաժարվել մասնակցել ԵՏՄ նիստին: Իրավունք չունեին այդ նիստը ՀՀ-ում չանցկացնել: Հակառակը, մենք ծանր օրերի մեջ էինք, պիտի գային, մեզ պադձերժկա անեին: Չեմ հասկանում` ինչո՞ւ դա պետք է տեղափոխվի Մոսկվա: Ավելին` Մոսկվայում ԵՏՄ մեր ներկայացուցիչ Տիգրան Սարգսյանը, որը մեր ներկայացուցիչն է և այնտեղ է աշխատում այնքանով, որանքով դա մեր քվոտան է, մեր ժամկետն է, նույնպես առաջիկա նիստին չպետք է մասնակցի: Ի վերջո, հասկացե’ք, բարեկամնե’ր, մենք պետք է ոչ ասենք, որ մեզ հարգեն»: