Թուրքերը խոստովանում են, որ մասնակցել են Հայաստանի դեմ ուղղված կիբեռհարձակումներին
Հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարվածության աննախադեպ աճի և ռազմական լայնամասշտաբ գործողություններից հետո Թուրքիան անմիջապես իր առաջին ու երկրորդ դեմքերի մակարդակով զորակցություն ու աջակցություն հայտնեց Ադրբեջանին:
Ղարաբաղում ռազմական ագրեսիա սանձազերծած Բաքվին աջակցություն են ցուցաբերել նաև թուրք հաքերները (համակարգչահեններ)՝ մասնակցելով Հայաստանի դեմ իրականացվող կիբեռհարձակումներին:
Ընդ որում այս մասին բացահայտորեն հայտնում է Թուրքիայի իշխանամերձ լրատվամիջոցներից «Sabah» թերթը, որը հասարակության լայն շերտերի մեջ «Էրդողանի խոսափող» համբավը ունի:
«Թուրք հաքերների կողմից շոկ Հայաստանին» վերնագրով հրապարակված նյութի մեջ աղբյուրը տեղեկացնում է, որ «Aslan Neferler Tim» (Առյուծ զինվորների թիմ) թուրքական հաքերային խումբը մի շարք կիբեռհարձակումներ է գործել Հայաստանի Հանրապետության պաշտպանության, էներգետիկայի և գյուղատնտեսության նախարարությունների պաշտոնական կայքերի վրա:
«Հաքերական այս խումբը սոցցանցերում հայտարարություն է տարածել այն մասին, որ հետագայում ևս շարունակելու է Հայաստանի դեմ ուղղված կիբեռհարձակումները՝ ավելացնելով դրանց քանակը»,- գրում է «Sabah»-ը:
Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում նույն այդ «Aslan Neferler Tim» հաքերական խումբն էր ստանձնել Բելգիայի կառավարական կայքի վրա կատարված հարձակման պատասխանատվությունը: