Կան փաստեր, որ ԻՊ-ի զինյալներ են կռվում Ադրբեջանի կողմից. նրանք թալանում և բռնաբարում են նաև տեղի բնակիչներին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը զրուցել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ.

Երեկ հայտարարեցիք, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներ են կռվում Ադրբեջանի զինվորների շարքերում: Այս տեղեկատվությունը հաստատող փաստեր կա՞ն:

– Մենք ունենք հիմքեր այդպիսի կարծիք հայտնելու, որովհետեւ բախումների ժամանակ մեր զինվորները առերեսվել են այնպիսի մարդկանց հետ, որոնք խոսում էին արաբերեն, թուրքերեն եւ որոնց զգեստը տարբերվում էր: Հիմք ունենք պնդելու, որ այդ ահաբեկիչներն այստեղ են: Ավելին՝ կան որոշ տեղեկություններ, որ քանի որ Արցախի սահմանամերձ ադրբեջանական շրջաններում բնակչությունը գրեթե դատարկված է, փախել են պարզապես՝ լքելով իրենց տարածքները, այդ գրոհայինները այնտեղ մասսայական թալան են իրականացնում եւ կային նաեւ բախումներ այնտեղ մնացած բնակչության հետ, բռնաբարության դեպքեր, սպանության դեպքեր եւ այլն: Եվ սա բնական է, որովհետեւ ահաբեկիչները եւ վարձկանները ոչ օրենքի, ոչ բարոյական նորմերի հանդեպ հարգանք չունեն, նրանք զուրկ են այդպիսի բարոյական նորմերից: Մանավանդ որ Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական առաջին պատերազմի ժամանակ օգտագործել է բազմաթիվ վարձկաններ եւ ահաբեկիչներ՝ «գորշ գայլերի», աֆղանական մոջահեդների, չեչեն գրոհայինների,  արաբական աշխարհի, Ալ Քաիդայի գրոհայինների: Դա այն է, ինչ մենք տեսել ենք:

– Փորձելո՞ւ եք իրավական գնահատական տալ խնդրին:

– Իհարկե տրվելու է: Կարծում եմ միջազգային հանրությունը պետք է արձագանքի: Հիմա, երբ Ադրբեջանը այդպիսի դիվերսիոն ահաբեկչական գործողություններ է կատարում, արդեն իսկ պետք է արձագանք լինի: Ինչը չկա դեռ:

– Մինչ այսօր եղած միջազգային արձագանքը դուք պատշաճ եւ բավարար համարո՞ւմ եք:

– Համարում ենք, որ կա արձագանք: Բայց այդ արձագանքը պետք է լինի ավելի խսիտ, ավելի հասցեական, որպեսզի ավելի էֆեկտիվ լինի: Մենք անելու ենք ամեն ինչ, որ ագրեսորին պարտադրենք խաղաղություն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս