Բաժիններ՝

Նահատակների աճյունները տեղափոխվեցին Սիսիան

vorotan.am-ը գրում է. Վաղ առավոտից Սիսիանի կենտրոնական հրապարակը և ԵԿՄ Սիսիանի կառույցի բակը եռում էր մարդկային հոսքից. բոլորը սպասում էին ապրիլի 4-ին Մարտակերտի տարածքում հակառակորդի գնդակոծությունից զոհված սիսիանցի յոթ ազատամարտիկների աճյունները Սիսիան տեղափոխելուն:

Բազմահազարանոց թափորը խոնարհված դրոշներով և ծափահարություններով դիմավորեց Մայիս Միրզոյանի, Արմեն Բեգլարյանի, Սերգեյ Դանղյանի, Սեդրակ Ասրյանի, Դավիթ Սարգսյանի, Եղիշե Նիկալյանի դիերը:

Սիսիանի մշակութի տան սրահում, թեմի հոգեւոր դասի մասնակցությամբ, հոգեհանգստյան կարգ կատարեց Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հայր Մակար Հակոբյանը, ապա նշեց, որ ընդամենը 3 օր առաջ ուրախ աչքերով նրանց ճանապարհեցինք հայրենիքի պատշպանության սուրբ գործին, իսկ այժմ նրանց դիմավորում ենք տխուր աչքով: «Բայց նրանք զոհվածներ և մահացածներ չեն, նրանք նահատակներ են, որ գնացին միախառնվելու մեր սրբերին: Մենք ունենք հրաշալի ազգ, հրաշալի ժողովուրդ, մեկ բռունցք ենք, և ոչինչ չի կարող կոտրել մեր ուժն ու կամքը»,- նշել է հայր Մակարը:

Զոհվածների հարազատներին իրենց ցավակցությունը հայտնեցին հոգեհանգստյանը ներկա ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ՀՀ տարածքային կառավարման և առողջապահության նախարարները, Սիսիանի զինկոմ Մինաս Մկրտչյանը, հրամանատար Աշոտ Մինասյանը, զինվորական բարձրաստիճան պաշտոնյաներ, մարտական ընկերները…

Իրենց հարգանքի տուրքը մատուցելու էին եկել հազարավոր սիսիանցիներ, հյուրեր, Սիսիանի տարածաշրջանի գյուղական համայնքների բնակիչներ, զինվորականներ…

Այսօր երեկոյան նահատակների դիերը կտեղափոխվեն իրենց օճախներ: Իսկ վաղը աճյունները կամփոփվեն Սիսիանի զինվորական պանթեոնում: Այնտեղ, որտեղից ընդամենը 3 օր առաջ այնպես խանդավառ ու գոտեպինդ երկրի սահմանները ոխերիմ թշնամուց պաշտպանելու ուխտ էին անում…

Թեև դժվար էր այս սարսռազդու տեսարանին ներկա գտնվել, թեւ դժվար էր հաշտվել հայրենիքի վեց նահատակների աճյուն միանգամից տեսնելու անողոք մտքի հետ, բայց խռովահույզ բազմահազարանոց թափորը նրանց նկատմամբ իր հարգանքի տուրքը մատուցեց ազատամարտիկին և նահատակին վայել զսպությամբ ու արժանապատիվ խոնարհումով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս