
«Ադրբեջանը մեր դեմ վարում է սողացող և հյուծիչ պատերազմ»

Ադրբեջանը մեր դեմ վարում է սողացող և հյուծիչ պատերազմ, որն այսօր արդեն հասցնում է լայնամասշտաբ պատերազմի մակարդակի:
Նման զարգացման հեռանկարն անվտանգային, ժողովրդագրական և տնտեսական առումներով անընդունելի է մեզ համար, ուստի ընդամենը մեր դիրքերի պահպանմամբ և հակառակորդի նկատմամբ հարաբերական հաղթանակով բավարարվելու փոխարեն հարկավոր է խստագույնս պատժել նրան՝ խորտակիչ հարվածներ հասցնելու և տարածքային կորուստներ պատճառելու միջոցով:
Մենք պետք է հասնենք այնպիսի արդյունքի, որը կբացառի հետագայում Ադրբեջանի կողմից մեր նկատմամբ որևէ ոտնձգության հնարավորությունը և կերաշխավորի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատումը, ինչպես նաև դրա շնորհիվ՝ Արցախյան հակամարտության խաղաղ ու հայանպաստ վերջնական կարգավորումը:
«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպությունն իր զորակցությունն է հայտնում Արցախի մեր հայրենակիցներին ու Հայկական բանակին և ազատամարտիկներին ու երիտասարդությանը կոչ անում պատրաստ լինել առաջին իսկ անհրաժեշտության դեպքում կանգնելու Հայրենիքի պաշտպանության շարքերում:
«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» ՀԿ վարչություն