«Հակառակորդն աննախադեպ սադրանքի է դիմել, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով». Տիգրան Աբրահամյան
Հակառակորդն աննախադեպ սադրանքի է գնացել, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով: Այս մաիսն «Արմենպրես»–ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը` ընդգծելով, որ սադրանքն ուղեկցվել է հակառակորդի մեծաքանակ ստորաբաժանումներով՝ հրետանու, զրահատեխնիկայի ու օդուժի մեծ աջակցությամբ:
«Ընդ որում՝ հակառակորդը նախահարձակ գործողությունների է գնացել շփման գծի բոլոր ուղղություններով՝ գրեթե խտրականություն չդնելով զինատեսակների կիրառման մեջ: Այս պահին միայն հայտնի է, որ երկուստեք զոհեր կան, հայկական կողմը խոցել է ադրբեջանական ուղղաթիռ, նաև հակառակորդի մի քանի միավոր տեխնիկա, որը ցանկացել է աջակցել ադրբեջանական հատուկ ստորաբաժանումների առաջխաղացմանը: Ելնելով այն հանգամանքից, որ հակառակորդի մեծ թվով կորուստները շփման գծի հայկական հատվածում են, հստակ եզրակացնել է տալիս, որ հակառակորդը դեպի Արցախի տարածք ներթափանցելու փորձեր է իրականացրել: Մեկ առանձնահատկություն ևս. եթե ՀՀ ՊՆ-ն և ԼՂՀ ՊԲ-ն պաշտոնական հաղորդագրություններով հստակեցումներ են մտցրել իրավիճակի վերաբերյալ, ապա ադրբեջանական ԶԼՄ-ները լռում են, ինչը ցույց է տալիս, որ վերջիններս իրենց սադրանքը քողարկելու լուրջ հիմքեր չեն գտնում»,-ասաց Տիգրան Աբրահամյանը: