
Շառլիզ Թերոնը լուսանկարվել է Dior-ի բույրի գովազդում

Christian Dior ֆրանսիական նորաձեւության տունը նորացրել է իր J’adore արոմատ-բեսթսելերը: J’adore Eau de Toilette բուրավետ ջրի նոր բանաձեւի կազմության մեջ տեղ են գտել Վալորիսից բերված ներոլի, կարմիր նարնջի, ծաղկահյութերի, մագնոլիայի եւ դամասկոսյան վարդի երանգները: Բույրի գովազդային արշավի դեմքը, որին լուսանկարել է Փիթեր Լինդբերգը, դարձել է դերասանուհի Շառլիզ Թերոնը:
«J’adore Eau de Toilette-ն բացառիկ տեմպերամենտ ունի: Այն հրապուրում է եւ շողում: Այն հույզերի ակնթարթային պայթյուն է, բավարարվածության տանող կարճ ճանապարհ»,-ասել Է Ֆրանսուա Դեմաշին՝ Dior-ի պարֆյումերը եւ բույրի նոր տարբերակի ստեղծողը:
«Օսկար»-ի մրցանակակիր դերասանուհին՝ Շառլիզ Թերոնը, ոչ միայն լուսանկարվել է բույրի գովազդում, այլեւ նրա մասին Փիթեր Լինդբերգին է պատմել հատուկ տեսահոլովակում:
Christian Dior ֆրանսիական նորաձեւության տունը հիմնադրվել է 1946 թվականին մոդելագործ Քրիստիան Դիորի կողմից: Ժամանակի ընթացքում այս բրենդի ներքո սկսել է թողարկվել ոչ միայն կանանց ու տղամարդկանց հագուստ, կոշիկ եւ պարֆյումերիա, այլեւ ժամացույցներ, ոսկերչական իրեր ու կոսմետիկա: