«Թուրքիայում մի մտավորական սերունդ է աճում, որ պարտադրելու է սեփական իշխանություններին ասել ճշմարտությունը». Սերժ Սարգսյան
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ցույց տվեց, որ «հայ-թուրքական հաշտեցումը վերևից չի գալու»,-այս մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցում ունեցած ելույթի ընթացքում:
ՀՀ նախագահը նաև ընդգծել է, որ Թուրքիայի իշխանությունները որքան ավելի ագրեսիվ կեցվածք են որդեգրում, այնքան թուրքական հասարակությունը ավելի բարձր է խոսում Հայոց ցեղասպանության մասին.
«Այսօր Թուրքիայում մի մտավորական սերունդ է աճում, և ի վերջո հասարակության հենց այս սերուցքն այնքան է կայանալու, որ պարտադրելու է սեփական իշխանություններին ասել ճշմարտությունը: Համոզված եմ, որ այդ օրը, անպայման, գալու է:
Իրականում մենք խիստ շահագրգռված ենք Թուրքիայի խաղաղ և ժողովրդավարական զարգացմամբ: Մեր համոզումն է, որ հենց արմատական ժողովրդավարացման արդյունքում Թուրքիայում ապրող բոլոր ժողովուրդները իրենց լիարժեք քաղաքացի կզգան և կկարողանան ապրել արժանապատիվ կյանքով: Ցավոք, այսօր հակառակ միտումներն ենք տեսնում, և դա մտահոգիչ է մեզ համար»,- ասել է Սերժ Սարգսյանը: