«Գագիկ Ջհանգիրյանն ուղղակի լավ տեղեկացված չէ». Հայկ Ալումյան
«Իսկ պարոն Ջհանգիրյանի կարծիքն ո՞ւմ է հետաքրքիր այդ հարցի վերաբերյալ»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Մատաղիսի» գործով դատապարտվածների շահերը շուրջ 9 տարի պաշտպանած փաստաբան Հայկ Ալումյանը:
Հիշեցնենք, որ վերջերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ ՄԻԵԴ-ը, «Զալյանը և այլք՝ ընդդեմ Հայաստանի» (առավել հայտնի է «Մատաղիսի» գործ անվանումով) դատական հայցի առնչությամբ վճռել է, որ դիմումատուների նկատմամբ նախաքննության ընթացքում տեղի են ունեցել ընթացակարգային խախտումներ, և ՀՀ կառավարությանը պարտավորեցրել է դիմումատուներին վճարել 50 հազար եվրո դրամական փոխհատուցում:
Օրերս ՀՀ զինվորական նախկին դատախազ, ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի ընթացքում ասել է , որ ինքը հիմա էլ համոզված է, որ այդ 3 երիտասարդներն են եղել 2 զինծառայողների սպանողները, չնայած, որ երիտասարդներին մոտ 3 տարի առաջ դատարանն արդարացրել է:
«…Այս թնջուկը չի ավարտվի, որովհետև այդ երիտասարդների, այսպես կոչված, արդարացումից անցել է 3 տարի. բա սպանություն կատարողներն ո՞ւր են: Բա զինծառայողներ են սպանվել, ծեծվել երկաթյա ձողերով, երկու ժամ հետո ծեծողները եկել-տեսել են, որ կենդանության նշույլներ ցույց չեն տալիս, այդ զինծառայողներին գցել են ջուրը… Լավ, 3 տարի անցել է, եթե այդ երիտասարդները չէին, ապա ովքե՞ր էին, ինչո՞ւ չի բացահայտվում, ինչո՞ւ այս իրավապաշտպանները, որ այսպես աղմուկ են բարձրացնում, թե՝ «հաղթել ենք, ՀՀ-ին հաղթել ենք», բա ինչո՞ւ չեն պաշտպանում այդ զոհերի իրավունքները: Դուք երբևիցե լսե՞լ եք, որ որևէ իրավապաշտպան պաշտպանի այդ երկու երիտասարդների շահերը»,- հայտարարել է Գագիկ Ջհանգիրյանը:
Փաստաբան Հ. Ալումյանի խոսքով՝ Գ. Ջհանգիրյանն ուղղակի լավ տեղեկացված չէ այդ առումով. «Եթե ավելի լավ այդ տեղեկություններին տիրապետեր, երևի այդ բանը չէր ասի»:
Հարցին՝ ի՞նչ աշխատանքներ են տարվում հիմա իրավապաշտպանների կողմից այդ սպանությունները բացահայտելու ուղղությամբ, Հ. Ալումյանն այսպես պատասխանեց.
«Բացահայտողը մենք չենք, բայց մենք մեզանից կախված շատ բաներ արեցինք, համարյա ամեն ինչ մեզանից կախված անում ենք, որպեսզի այդ գործը բացահայտվի: Եթե այն ժամանակ այս գործը նորմալ քննվեր, երևի վաղուց բացահայտված կլիներ: 13 տարի հետո շատ դժվար է լինում բացահայտելը այն, ինչն այն ժամանակ ավելի հեշտ կլիներ»:
Գ. Ջհանգիրյանը նաև ասել էր, որ «Մատաղիսի» գործը բացահայտվել է դեպքից մոտ 4 ամիս հետո. այնտեղ աշխատել է ոչ միայն Զինվորական դատախազությունը՝ իր քննչական ապարատով, ոչ միայն Ռազմական ոստիկանությունը, այլև ԼՂՀ բանակային հակահետախուզությունը, այդ գործով աշխատել է նաև ԼՂՀ ներքին գործերի նախարարությունը, բանակային բոլոր ստրուկտուրաները. «Գիտեք՝ այդպես հեշտ է, հա՞, մեղավորներին դնել մի կողմ, հովանավորել, անմեղներին տանել-դատել»:
Այս առնչությամբ Հ. Ալումյանն ասաց, որ իրենք իրենց ասելիքները վաղուց ասել են, ասելու նոր բան չունեն.
«Ռուսական ասացվածք կա՝ «после драки кулаками не машут», որ «կռվից հետո բռունցքներ չեն թափահարում»: Մենք, երբ պետք էր, մեր ասածներն ասել ենք, ու այնքան համոզիչ ենք ասել, որ արդարացման վճիռ է կայացվել, վրոպական դատարանում էլ է մեր ասածը հաստատվել, ու մենք էլ ավելացնելու բան չունենք: Իսկ ինքը դրանից հետո կարող է մինչև խոր ծերություն ասի, ու իր ասածից ոչ մի բան չի փոխվի»:
Հարցին՝ ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է Գ. Ջհանգիրյանն այդքան վստահ իր ասածներում, Հ. Ալումյանն այսպես պատասխանեց. «Մարդկանց մեծամասնությանը բնորոշ է, որ չեն սիրում իրենց սխալն ընդունել, շատ քիչ մարդիկ են, որոնք այնքան արիություն ունեն, որ իրենց սխալը կարողանում են ընդունել»: