Բաժիններ՝

Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին մեղադրվում է խուլիգանության մեջ

Ադրբեջանցի 78-ամյա գրող Աքրամ Այլիսլիի դեմ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 221.1 հոդվածի հատկանիշներով (խուլիգանություն), Turan-ին հայտնել է գրողի որդին՝ Նաջաֆը:

Ադրբեջանի իշխանությունները գրողին մեղադրում են սահմանապահ ծառայության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 221.1 հոդվածը նախատեսում է պատիժ՝ հասարակական աշխատանքների կրման տեսքով՝ 160-200 ժամ, մինչև 1 տարվա ուղղիչ աշխատանքներ կամ մինչև 1 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ նախօրեին Այլիսլիին թույլ չեն տվել մեկնել արտասահման: Բաքվի միջազգային օդանավակայանում նրան բերման էին ենթարկել օդանավակայանի տրանսպորտի գծով ոստիկանական վարչություն:

Աքրամ Այլիսլին իր ավագ որդու` Իլյասի ուղեկցությամբ պետք է մեկներ Վենետիկ` մարտի 30-ից ապրիլի 1-ն անցկացվելիք Incroci Di Civilita միջազգային գրական փառատոնին մասնակցելու համար, սակայն, սահմանապահները նրան դուրս չեն թողել՝ հայտարարելով, որ նրան արգելվում է դուրս գալ Ադրբեջանից: Այս մասին ադրբեջանական լրատվական գործակալությանը հայտնել է գրողի կինը` Գալինա Այլիսլին:

78-ամյա գրողը 2013 թվականին իշխանությունների կողմից հարձակումների և պատիժների է ենթարկվել այն բանից հետո, երբ հրատարակել է «Վիթխարի խցանում» եռապատումը, որում մերկացրել է Ադրբեջանում խորհրդային և ներկայիս քաղաքական բարքերը:

ԱՄՆ պետքարտուղարությունը, ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը և Եվրամիությունը դատապարտել են Ադրբեջանում Այլիսլիի հալածանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս