Դատարանը կքննի «հանցավոր խմբի» գործով մյուս մեղադրյալին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը
Ինչպես հայտնել էինք, դատարանն այսօր բավարարել է «հանցավոր խմբի» գործով կալանավորված Մարինե Կաթանյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որպես գրավի չափ է սահմանել 500 հազար դրամը, ինչը, Մարինե Կաթանյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ միջին ծանրության հանցանք կատարելու մեջ մեղադրվելիս Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված նվազագույն չափն է: Միջնորդության քննությանը Մարինե Կաթանյանը չի մասնակցել:
Նշենք, որ գրավի միջնորդության քննության ընթացքում գործով քննչական խմբի ղեկավարը չի առարկել միջնորդության դեմ: 168.am-ի հետ զրույցում Գիվի Հովհաննիսյանը պատասխանելով հարցին՝ արդյոք դատարանի համար հիմնական կողմնորոշիչը հենց դա՞ է եղել, ասաց, որ քննչական խմբի ղեկավարի դիրքորոշումն էլ նշանակություն ունի դատարանի համար՝ որոշում կայացնելու հարցում.
«Եթե նշանակություն չունենար, ըստ էության, չէր էլ հրավիրի կողմին և նույնիսկ կարծիք չէր հարցնի:
Միանշանակ կողմնորոշվելու, դատարանի՝ որոշում կայացնելու համար կողմի կարծիքը նշանակություն ունի՝ ինչքանով է այդ անձն օժանդակում գործի քննությանը կամ չի օժանդակում: Առավել ևս, քննչական խմբի ղեկավարը հիմքերին անդրադարձավ, որ մենք այս փուլից արդեն իսկ կարծում ենք, որ չի խուսափի, չի խոչընդոտի»: Փաստաբանը կարծիք հայտնեց, որ որոշման մեջ դատարանը հավանաբար անդրադարձել է նաև քննչական խմբի ղեկավարի հայտարարություններին:
Նշենք նաև, որ նույն դատարանում ժամը 17:20-ին դատավոր Ռուբեն Ներսիսյանի նախագահությամբ նշանակված էր մյուս մեղադրյալի՝ Ասյա Մկրտչյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդության քննարկումը: