
Բրյուսելի օդանավակայանում աշխատում է ԴԱԻՇ-ի մոտ 50 կողմնակից. ԶԼՄ-ներ

Բրյուսելի «Զավենտեմ» օդանավակայանում, որտեղ մարտի 22-ին ահաբեկչություն է տեղի ունեցել, կարող է աշխատել ԴԱԻՇ-ի նվազագույնը 50 կողմնակից, հայտնում է բելգիական De Standaard թերթը՝ հղում կատարելով Բրյուսելի ոստիկանության աշխատակիցների բաց նամակին ու սեփական աղբյուրներին:
Փաստաթղթում նշվում է, որ ԴԱԻՇ-ի կողմնակիցների մոտ կան անվտանգության ծառայության անցագրեր ու նրանք հնարավորություն ունեն մտնել ինքնաթիռի սրահ:
Ինչպես պնդում են նամակի հեղինակները, ավելի վաղ որոշ կասկածելի անձանցից առգրավվել են այցագրերը, սակայն, ամենայն հավանականությամբ, դա ոչ բոլորին է վերաբերում:
Հաղորդվում է, որ ԴԱԻՇ-ի ենթադրյալ կողմնակիցները հիմնականում աշխատում են օդանավակայանի խանութներում, մաքրության պահպանման ծառայությունում, ինչպես նաև բեռների բաժանմունքում:
Նշվում է, որ բեռնակիրների թվում ու խանութների անձնակազմերի թվում կան հանցագործ անցյալ ունեցող մարդիկ, ինչի հետևանքով էլ ջիհադիստները հեշտորեն կարող են համակիրների գտնել ահաբեկչությունների իրականացման համար: