Հղիներին կտրամադրվի ճշգրիտ և առևտրային ճնշումներից զերծ տեղեկատվություն
ՀՀ կառավարությունը սահմանեց մանուկներին և վաղ տարիքի երեխաներին կրծքով կերակրումը խրախուսելու ազգային ծրագրով նախատեսված մանկական սնուցման, մանկական սննդի և հարակից ապրանքների մասին տեղեկատվական և ուսուցողական նյութերի համաձայնեցման և լիազորման կարգը: «Այն կապահովի հղիներին, կերակրող մայրերին, վաղ հասակի երեխաների խնամք իրականացնողներին և բուժաշխատողներին ճշգրիտ, արդիական և առևտրային ճնշումներից զերծ տեղեկատվության տրամադրումը»,- ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Ըստ նրա՝ հաճախ մանկական կաթնախառնուրդ արտադրող և բաշխող կազմակերպությունները մշակում և տարածում են տեղեկատվություն այդ արտադրանքի վերաբերյալ: Նախարարի խոսքով՝ ցանկացած տեղեկատվություն, որը նախատեսված է բնակչության համար, անհրաժեշտ է մանրամասնորեն քննել և բացառել գովազդի կամ կաթնախառնուրդների օգտագործման խրախուսման առկայությունը: Այսպիսով՝ կարգը սահմանելու է այն մեխանիզմները, որոնց միջոցով իրականացվելու են տեղեկատվական նյութերի համաձայնեցումը մինչև դրանց հրապարակվելը, ինչպես նաև այն չափանիշները, համաձայն որոնց կգնահատվե ն տեղեկատվական նյութերը: