
Միյատովիչը հորդորել է Թուրքիայի իշխանություններին չհետապնդել ու չդատապարտել լրագրողներին

Մեդիայի ազատության հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հերթական անգամ հորդորել է Թուրքիայի իշխանություններին չհետապնդել ու չդատապարտել լրագրողներին հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաների լուսաբանման համար: Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին կայանալու է փակ դատական նիստ, որտեղ քննվելու է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականի լրագրողներ Ջան Դյունդարի և Էչդեմ Գյուլի գործը:
«Անընդունելի է լրագրողների բանտարկումը հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաների լուսաբանման պատճառով: Պետական գաղտնիքները պաշտպանելու պատասխանատվությունն ընկնում է պաշտոնյաների, այլ ոչ թե լրագրողների վրա: Ես շարունակում եմ լիահույս լինել, որ թուրքական իշխանությունները կգիտակցեն խնդրի կարևորությունն ու ազդեցությունը, որն այն կգործի երկրում մեդիայի ազատության վրա»,- նշել է ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը: Միյատովիչը փաստել է նաև, որ լրագրողների մասնակցությամբ դատական նիստերը չպետք է անցկացվեն փակ դռների հետևում: «Իշխան ությունները պետք է երաշխավորեն թափանցիկությունը, և պետք է գերակշռի հանրության` իրազեկված լինելու իրավունքը»,- ասել է նա: