Բաժիններ՝

«Քայքայված, թալանված, կոտորած… երեկ գնացել եմ, երկու-երեք շենք եմ նայել». Հովիկ Աբրահամյան

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ Պետական գույքի կառավարման վարչությանը գումար հատկացվեց՝ կառավարական թիվ 3 շենքի ընթացիկ նորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով: Այն կազմում է 32 մլն 500 հազար դրամ: Նախագիծը ներկայացնող Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն ասաց, որ ելնելով հրատապությունից՝ առաջարկվում է գնումն իրականացնել բանակցային ընթացակարգով՝ առանց հայտարարության: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարցին, թե ե՞րբ են նախարարությունները տեղափոխվելու, Արման Սահակյանը պատասխանեց, որ նախարարներին խնդրել է, որպեսզի ամենաուշը երկուշաբթի ազատած լինեն տարածքը:

«Բացառված է՝ երկուշաբթի ազատած չլինեն, որովհետև մենք նաև պայմանավորվածություն ունենք սեփականատիրոջ հետ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Արման Սահակյանը ներկայացրեց մեկ այլ նախագիծ, որով առաջարկվում է Էրեբունի Պլազա ՍՊԸ-ի վարձակալած տարածքի ժամկետի փոփոխություն, քանի որ Կառավարական թիվ 2 նոր մասնաշենք տեղափոխվելու պատճառով ՀՀ Սփյուռքի նախարարությունը ժամկետից շուտ՝ 2016թ. փետրվարի 20-ից, ազատել է տարածքը: Պատասխանելով վարչապետի հարցին՝ Արման Սահակյանն ասաց, որ տարեկան մոտ 82-83 մլն դրամ վարձավճար է վճարվել:

«Ես երեկ մի քանի շենքերում եմ եղել, նայել, որոնք գտնվում են տարբեր գերատեսչություններում: Մենք ունենք բազմաթիվ շենք-շինություններ, որոնք բարձիթողի վիճակում են գտնվում, և նաև չենք օգտագործում մեր նպատակներին համապատասխան: Ունենք գերատեսչություններ, ծառայություններ, չգիտեմ՝ ՊՈԱԿ-ներ, որոնք վարձով են նստում, և հարկավոր է, որ նախարարությունները, նախարարները, գերատեսչության ղեկավարներն անդրադառնան այդ հարցին, և այնպես են բռնել այդ գույքը որոշ գերատեսչության ղեկավարներ, որ չգիտեմ՝ ինչ են անում, և ոչ էլ տարիներով գնում են այդ շենքեր-շինությունները:

Քայքայված, թալանված, կոտորած… երեկ գնացել եմ, երկու-երեք շենք եմ նայել: Այդ շենքերը մեր սեփականությունն են, պետական սեփականություն են, մի քիչ վերանորոգենք, թող գերատեսչությունները զբաղեցնեն այդ տարածքները, ոչ թե գնան վարձով նստեն այլ տարածքներում»: Վարչապետը նշեց, որ հանձնարարական է տվել՝ գույքագրել, թե որ գերատեսչություններն են տարածքներ վարձակալում. «Այդ հարցին լուծում տանք գլոբալ առումով»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս