Բաժիններ՝

Մահացել է գրականության Նոբելյան դափնեկիր Իմրե Կերտեսը

86 տարեկանում երկարատև հիվանդությունից հետո մահացել է ծագումով հրեա, հունգարացի գրող, գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի (2002թ.) արժանացած գրող Իմրե Կերտեսը:

Գրողը մահացել է Բուդապեշտում գտնվող իր տանը, հայտնում է AFP-ն:
Գրողը 1944-1945 թվականներին եղել է Աուշվիցի և Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարների դատապարտյալ։ Այս տարիների կենսափորձն էլ հետագայում նյութ է դարձել նրա ստեղծագործությունների համար։

Մինչ 1980-ականների ավարտը Կերտեսը հայտնի չէր, սակայն կոմունիստական վարչակարգի անկումից հետո նա սկսում է զբաղվել ակտիվ գրական ստեղծագործական կյանքով։

Իմրե Կերտեսի ստեղծագործական հայեցակարգի վրա ահռելի ազդեցություն է գործել Ֆրանսիացի փիլիսոփա և գրող Ալբեր Քամյուն։ Նրա ստեղծագործություններում մեծ տեղ է հատկացված անձի հետընթացի պատկերմանը և դրա պատճառահետևանքային կապերի բացահայտմանը։

Առավել հայտնի են գրողի «Առանց ճակատագրի» (1975) և «Կադեշ չծնված մանկան համար» (1990) վեպերը: Այս երկու ստեղծագործություններում հեղինակը մանրամասնորեն քննում է ծանր պայմաններում հայտնված անձի ամեն գնով ապրելու ցանկությունը և դրանից բխող մարդկային էության բացասական փոփոխությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս