Բաժիններ՝

«Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար՝ միայն ազատազրկում». քննարկում կառավարությունում

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում հաստատվեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված՝ Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ եզրակացությունը:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ նախագծով առաջարկվում է Քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար նախատեսված պատժից հանել տուգանքը՝ որպես պատժատեսակ, և թողնել միայն ազատազրկման ձևով պատիժը: ՀՀ քրեական օրենսգիրքը մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար նախատեսում է պատիժ տուգանք` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում` երկուսից երեք տարի ժամկետով:

Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ իր համոզմամբ՝ հարցը երկու ենթատեքստ ունի՝ ինչպես՝ իրավական, այնպես էլ՝ քաղաքական: Ներկայացնելով իրավական տեսանկյունը՝ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ Քրեական օրենսգրքի այդ հոդվածը Քրեական օրենսգրքի տրամաբանությանը համահունչ նախատեսում է պատժի անհատականացման սկզբունքին համապատասխան պատիժների հնարավոր այլընտրանքային եղանակներ՝ թույլ տալով, որպեսզի դատարանը յուրաքաչյուր դեպքում ոչ թե պարտադրված լինի նշանակել կոկրետ մեկ պատժատեսակ՝ ազատազրկում, այլ որոշի, որ, օրինակ, մեղավոր ճանաչված անձին նպատակահարմար է առանց լրացուցիչ մեկուսացնելու հասնել պատժի նպատակներին:

Բացի այդ՝ նրա խոսքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածը սահմանում է, որ հանցագործության համար նա¬խատեսված պատիժներից առավել խիստը նշանակվում է՝ եթե նվազ խիստ տեսակը չի կա¬րող ապահովել պատժի նպատակները: Բացի այդ, ըստ հիմնավորումների՝ նախագծի ընդունումը չի բխում 2015թ. կառավարության կողմից հավանության արժանացած ՀՀ նոր քրեական օրենսգրքի հայեցակարգում ամրագրված մոտեցումներից, որոնք ուղղված են պատժի համակարգում առկա թերությունների վերացմանը:

Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ ուսումնասիրվել է նաև միջազգային փորձը, ինչը ցույց է տալիս, որ նմանատիպ հանցակազմերի համար սկզբունքորեն միշտ տուգանքը նախատեսված է՝ որպես այլընտրանքային պատժատեսակ:

«Բայց, միևնույն ժամանակ, հաշվի առնելով հատկապես, որ սա նախընտրական տարի է, և կան որոշակի քաղաքական հարցադրումներ՝ կապված այս հարցի հետ: Ես խնդրում եմ՝ այստեղ քննարկում ծավալել, պարոն վարչապետ, քննարկման միջոցով որոշել այս օրենսդրական նախաձեռնության նպատակահարմարությունը»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ասաց, որ կարծում է՝ պատգամավորի առաջարկությունը վերաբերում է ստեղծված վիճակում հաճախ դիտվող այնպիսի երևույթների, երբ խախտումներ են տեղի ունենում, և դրա արդյունքում տուգանքի միջոցով փորձ է արվում պատժել. «Կամ պետք է խստացնել տուգանքի չափը, կամ առնվազն նախատեսել այնպիսի դեպքեր, որոնց բացակայության դեպքում կարող է նոր միայն տուգանք կիրառվել, այսինքն՝ փորձել նաև դատարանին որոշակի չափանիշների սահմանում դնել՝ բացի ընդհանուր դատավարական չափանիշներից»:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն էլ կարծիք հայտնեց, որ պետք է վստահենք դատարանին՝ հնարավորություն ընձեռելով անհատականացնել պատիժը:

«Կան բազմաթիվ դեպքեր, երբ շատ ծանր է հանցագործությունը, կամ՝ հակառակը: Պատահական չէ, որ մենք սահմանել ենք տուգանքը՝ որպես քրեական հացագործության համար պատժատեսակ: Այնպես որ, ինձ թվում է՝ այստեղ շատ արհեստական և կոշտ է: Իհարկե, հասկանում եմ՝ քաղաքական կոնյունկտուրայից ելնելով՝ առաջարկություն է արված, բայց սրանով մենք իսպառ վերացնում ենք դատարանի դերակատարումը»,- ասաց Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ նախագիծն իրավական առումով սխալ է:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ուսումնասիրել է, մասնագետներն իրեն զեկուցել են, որ, օրինակ՝ Գերմանիայում, Շվեյցարիայում գործում է տուգանքը և ազատազրկումը.

«Բայց քանի որ մենք՝ իշխանություններս, նաև քաղաքական թիմը մեր առջև խնդիր ենք դրել, որպեսզի էապես բարձրացնենք հանրային վստահությունն ընտրությունների նկատմամբ, ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ մենք համաձայնություն տանք, և Ազգային ժողովը թող որոշի, բայց իրոք, ես էլ եմ համաձայն, որ իրավական առումով ճիշտ չէ: Բայց քաղաքական առումով, որպեսզի նաև զերծ մնանք այլ, ոչ օբյեկտիվ քննադատություններից, տանք այդ հնարավորությունը, մեր քաղաքացիներին էլ բացատրենք, որ նման խախտումների չգնան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս