Ջիհադիստները ցանկացել են սպանել Բելգիայի վարչապետին. BBC
Ինչպես հայտնի է դարձել BBC-ին, ջիհադիստների մոտ, որոնք պայթյուններ էին իրականացրել Բրյուսելում, հայտնաբերվել են Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի գրասենյակի ու տան լուսանկարները, ինչպես նաև դրանց պլանները:
Ինչպես հայտնել են աղբյուրները, տվյալները պահպանվել են համակարգչի կոշտ սկավառակի վրա, որը բրյուսելյան ահաբեկչություններից հետո հայտնաբերվել էր աղբամաններից մեկում:
Այդ նույն համակարգչում պահպանվել է նաև ահաբեկչության մահապարտներից Բրահիմ Բաքրաուի ուղերձը: Համակարգչի հայտնաբերման մասին հայտնի էր դարձել հարձակումների հաջորդ օրը: Համակարգիչն ահաբեկիչները գցել էին Բրյուսելի Սքարբեք շրջանի աղբամաններից մեկը: Ահաբեկչությունների երեք կասկածյալներն էլ դուրս էին եկել նույն փողոցում գտնվող բնակարանից ու տաքսիով ուղևորվել օդանավակայան:
Ավելի վաղ De Tijd թերթը, հղում կատարելով սեփական աղբյուրներին, հայտնել էր համակարգչում պարունակվող կարևոր տեղեկություների մասին, որոնք վերաբերել էին Բելգիայի վարչապետին:
Դեռ հայտնի չէ, թե արդյոք տեղեկությունը ջիհադիստները հայթայթել են համացանցում, թե շինությունների պլաններն ու լուսանկարներն անձամբ են արել:
Ինչպես հայտնել է Բելգիայի վարչապետի ներկայացուցիչը, շինությունների անվտանգությունն ուժեղացվել էր հարձակումներից 1 շաբաթ առաջ, քանի որ մտավախություններ էին առաջացել դրանց խոցելիության վերաբերյալ:
Բելգիայի վարչապետի գրասենյակը գտնվում է ԱՄՆ դեսպանության հարևանությամբ՝ հենց այն փողոցի վրա, ինչ «Մաալբեկ» կայարանը, որտեղ իրեն պայթեցրել էր Բրահիմի եղբայրը՝ Խալիդ Բաքրաուին: