«Կուրծք ծեծողների և կոկորդ պատռողների մեծ մասի համար գործարքի գնալն ավելի հավանական է». Առավոտ

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «…Մի՞թե «քաղաքական գործիչ» հասկացության մեջ մտնում է լաչառությունը, կոկորդ պատռելը, կարծրատիպային սահմանափակումը եւ նարցիսիզմի հասնող ինքնասիրահարվածությունը: Գուցեեւ այդպես էր: Սակայն կյանքն առաջ է գնում` չգիտեմ, թե որքանով է աճում հասարակության գիտակցությունը եւ կրթական մակարդակը, բայց մարդիկ, հատկապես երիտասարդ սերունդն ավելի տեղեկացված է դարձել եւ պակաս միամիտ: Ընչազուրկ թոշակառուներին հնարավոր է խաբել ծեծված բանաձեւերով` այստեղ առանձնապես ջանքեր էլ պետք չեն` ատելություն եւ ցասում առաջացնելու համար, այդ քաղաքացիներից մի քանիսն այսպես թե այնպես կգան Ազատության հրապարակ:

Եթե դա է խնդիրը, ապա «քաղաքական գործիչ» հասկացությունը, որին մենք սովոր ենք, չպիտի որեւէ ձեւափոխման ենթարկվի: Բայց քաղաքական ուժերի հավակնությունները կարծես թե այլ են` նրանք ուզում են կա՛մ ընտրություններով գալ իշխանության, կա՛մ էլ հեղաշրջում անել եւ գրավել Բաղրամյան 26-ը: Երկու դեպքում էլ անհրաժեշտ են գիտակից, դատողունակ, գործունյա մարդկանց խմբեր. «հանցավոր ռեժիմի» մասին «նավթալինոտ» հայտարարություններով այդ մարդկանց ոտքի չես հանի:

Անհրաժեշտ է չծուլանալ եւ «զինվել» իրավիճակը շտկելու գործիքներով: Այն արդյունքը, որին դու հասել ես, ուղիղ համեմատական է այն ջանքերին, որոնք դու գործադրել ես: Այդպես է ոչ միայն քաղաքականության մեջ: Ի դեպ, փորձը ցույց է տալիս, որ կուրծք ծեծողների եւ կոկորդ պատռողների մեծ մասի համար գործարքի գնալն ավելի հավանական է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս