Ֆրանսիայում նախարարը հիջաբով կանանց համեմատել է ստրկացված նեգրերի հետ
Ֆրանսիայի կանանց իրավունքների նախարարը կատաղի քննադատության է ենթարկվել այն բանի համար, որ հիջաբներով մուսուլմանուհիներին համեմատել է այն «նեգրերի հետ, որոնք պաշտպանում էին ստրկությունը», տեղեկացնում է BBC-ն:
Լորանս Ռոսինիոլը, ելույթ ունենալով Ֆրանսիայի հեռուստատեսությամբ, նաեւ անպատասխանատու է համարել նորաձեւության առեւտրանիշերի գործելակերպը, որոնք հիջաբներ են թողարկում:
Նրա խոսքով՝ նորաձեւությունն անհրաժեշտ է կանանց ազատություն տալու, այլ ոչ թե «դիկտատուրայի հետ համագործակցելու համար, որը ձգտում է կանանց հարկադրել, որ նրանք քողարկվեն հագուստով»:
Ավելի ուշ նա խոստովանել է, որ «նեգր» բառը գործածելը սխալ է եղել, բայց ընդգծել է, որ այն որպես մեջբերում է գործածել փիլիսոփա Շառլ Մոնտեսքյոյի «Նեգրերի ստրկության մասին» աշխատությունից:
Հազարավոր մարդիկ են ստորագրել նախարարի պաշտոնաթողության պահանջով հանրագիրը:
Լուսանկարը` REUTERS