Բաժիններ՝

Սոցիալական կամ նույնականացման քարտը կարո՞ղ է հոգևոր վտանգ ներկայացնել. պարզաբանում է քահանան

– Հարցս վերաբերում է նոր անձնագրերին կամ, ինչպես ասում են` «Նույնականացման քարտերին»: Ինչպե՞ս վերաբերվել սրան և ի՞նչ է կանխազգում մեր եկեղեցին, արդյո՞ք սա սկիզբը չէ” դրոշմման: Արդյո՞ք այս քարտերը կապ չունեն Հովհաննու «ՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ» մեջ նշված «ԳԱԶԱՆԻ ԿՆԻՔԻ» հետ, և եթե այո, ինչպե՞ս կարելի է պայքարել դրա դեմ կամ հրաժարվել վերը նշվածից:

– Ամեն ինչ ընկալման և մեկնաբանության մեջ է թաքնված: Եթե որևէ մեկին պետք լինի ներկայացնել, որ դա վնաս է, հոգևոր մեծ վտանգ է պարունակում իր մեջ, ապա նա կարող է դա անել. դա իր գործն է: Սակայն իրականությունը հետևյալն է. որևիցե սոցիալական քարտ կամ նույնականացման քարտ չի կարող իրենից հոգևոր վտանգ ներկայացնել, քանի որ այն արվում է քաղաքացիների անձնագրային խնդիրների գործընթացը թվայնացնելու և պարզեցնելու համար:

Դա ընդամենը փաստաթուղթ է:

Նման  մի աղմուկ բարձրացավ սոցիալական քարտերի ներմուծման գործընթացի ժամանակ: Եվ շատերը փորձում էին ապացուցել, որ այն թաքնված թիվը, որը քարտի հիմքում կա, ներկայացնում է իրականում սատանայի թիվը՝ 666-ը, և քարտը ստանալով՝ մարդը կդառնա սատանայի ծառա և այլն:

Սակայն մեկ բան պետք է իմանալ. թիվը կոնտեքստից դուրս որևէ իշխանություն և ազդեցություն մարդու կյանքի վրա չունի: Եվ եթե մենք առաջնորդվեինք այդ թվի «սատանայական» լինելու հանգամանքով, ապա 666-ի հետ կապված բոլոր տեսակի առնչությունները կհամարվեին սատանայական. Աստվածաշնչում 666-րդ էջ չպիտի լինի, 666թ. տեղի ունեցած ամենը սատանայական է, 666 թիվը պարունակող պետհամարանիշ ունեցող մեքենան համարել սատանայի կառք և նմանատիպ սնոտի և հիմնազուրկ պատկերացումներ:

Գազանի կնիքն աննյութական է լինելու: Որևէ նյութական կրիչների և գազանի թվի հետ կապ մի փնտրեք:

Հայտնության գրքի 13-րդ. գլխի 18-րդ համարը մեզ Աստծու խոսքը իմաստուն կերպով քննելու կոչ է անում. «Այստեղ է ահա, իմաստությունը: Ով խելք ունի, թող հաշվի գազանի թիվը, որ մարդու անվան թիվ է, և նրա անվան թիվը այս է՝ վեց հարյուր վաթսունվեց»: Այս խոսքը տառացի պետք չէ հասկանալ: Սուրբ Գրիգոր Տաթևացին բացատրում է այս խոսքը այսպես. Գազանի թիվը հայոց այբուբենում հնչում է այսպես  ոկզ=666, որ նշանակում է. «ուրանամ կամաւ զՔրիստոս»:

Սա նշանակում է, որ գազանի դրոշմը չի դրվելու մարդու մարմնի ճակատին և թևին, այլ՝ նրա գիտակցության մեջ՝ նրա հավատի և գործերի վրա, երբ մարդն իր անհավատությամբ և չար գործերով կկրի իր անձի վրա սատանայի կնիքը: Աստվածաշնչի խոսքը պետք չէ հասկանալ այնպես, ինչպես մեզ ձեռնտու է: Այդպես են վարվում աղանդավորները իրենց աստվածաշնչյան բոլոր մեկնաբանություններով հանդերձ:

Վստահ եղեք, որ եթե որևէ վտանգ լինի այս ամենի մեջ, ապա եկեղեցին, որ ծառայում է իր զավակների հոգևոր անվտանգությունն ապահովելու համար, առաջինը կահազանգի այդ ամենի վտանգավորության մասին: Բայց քանի դեռ մենք չենք ահազանգել, պետք չէ ընկնել ահաբեկող հոսանքերի ազդեցության տակ:

Վստահեք Աստծուն և մշտապես Ձեր կապը պահեք եկեղեցու սպասավորների հետ, որպեսզի Ձեր բոլոր ներքին տագնապները չաճեն և Ձեզ անհանգստություն չպատճառեն: Նմանօրինակ շատ երևույթներ մենք կհանդիպենք մեր կյանքում: Սակայն բոլոր վատերի մեջ մենք որպես քրիստոնյա պարտավոր ենք տեսնել լավը, դրականը և եթե ամեն անգամ մեզ ճնշում է խավարը, ապա պետք չէ այն անիծել:  Ուղղակի մենք ինքներս պետք է խավարում լույս վառենք և լույս տարածենք, որն Աստծո խոսքն է, և այդ լույսի ներքո փարատենք խավարը:

Օրհնությամբ` Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան
qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս