Տեղամասերում լրագրողների թվի սահմանափակում չի լինելու. Արփինե Հովհաննիսյան
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ընտրական օրենսգրքի նախագծում լրագրողների թվի վերաբերյալ ընդունելի տարբերակի հասնելու հնարավորություն է նկատում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Հովհաննիսյանը նշեց, որ համապատասխան հոդվածում իրենց կողմից առաջարկվող փոփոխությունները, կարծեAս թե, ընդունելի են: «Իհարկե, ես չեմ ասում, որ դա 100 տոկոսանոց ընդունելի տարբերակ է, բայց իմ տպավորությունն այնպիսին է, որ մեր առաջարկն ընդունելի է: Խոսքն այն մասին է, որ յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է մինչև 50 անուն ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որտեղից նրանց լուսանկարով և համապատասխան անուն-ազգանունով վկայականներ կտրամադրվեն: Եվ լրատվամիջոցները իրավունք ունեն գտնվելու ցանկացած տեղամասում: Տեղամասերում լրագրողների նկատմամբ սահմանափակում չի մտցվում: Յուրաքանչյուր լրատվամիջոց իրավունք ունի մինչև երկու ներկայացուցիչ ունենալ ցանկացած տեղամասում»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Նա ընդգծեց, որ մի լուծում ևս առաջարկվում է, որն այս պահին քննարկումների փուլում է: «Այն բացառիկ դեպքերում, երբ ուղղակի լրատվամիջոցների և դիտորդների թիվն այնքան շատ է լինում որևէ տեղամասում, կարող է հանձնաժողովի անդամների 2/3 ձայների որոշմամբ կարող է սահմանափակվել տեղամասում լրագրողների և դիտորդների թիվը, բայց նրանց թիվը 15-ից պակաս չի կարող լինել: Սա նշանակում է, որ տվյալ դեպքում պետք է լինի քաղաքական կոնսենսուս՝ ուղղակի հաշվի առնելով ինչ-որ պայմաններ: Բայց սրանք խիստ բացառիկ դեպքեր են, որևէ այլ սահմանափակում չկա»,- հավելեց նա:
Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ այս պահին քննարկման փուլում է դիտորդների հետ կապված մի մոտեցում, որն առաջարկվել է հասարակական կազմակերպությունների կողմից: «Առաջարկվում է հաշվի առնել, որ տեղական դիտորական հասարակական կազմակերպությունները ունենան իրավապաշտպան գործունեության 3-5 փորձ: Այս առաջարկն իրենցից է հնչել, հիմա մենք քննարկում ենք: Վերջնական որոշումներն առաջիկա օրերի ընթացքում կտեսնեք»,- եզրափակեց նախարարը: