Լոնդոնի քաղաքապետը շնորհավորել է Ասադին Պալմիրայի ազատագրման կապակցությամբ
Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը շնորհավորել է Սիրայի նախագահ Բաշար Ասադին Պալմիրան ԴԱԻՇ-ի ահաբեկիչներից ազատագրելու կապակցությամբ: Այս մասին նա գրել է Telegraph-ի հեղինակային սյունակում:
«Ենթադրում եմ, որ տարօրինակ է նման ուրախություն զգալ աշխարհի ամենասարսափելի ռեժիմներից մեկի ռազմական հաջողությունից: Սակայն ես չեմ կարող թաքցնել իմ հիացմունքը, երբ կարդում եմ նորություններ այն մասին, որ սիրիական բանակն ամբողջությամբ ազատագրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված քաղաքը»,- գրել է Ջոնսոնը:
Նա նաև նշել է, որ նվազագույնը երկու պատճառ է տեսնում Սիրիայի կառավարական բանակի հաջողություններով ուրախանալու համար:
«Առաջին, ինչպիսին էլ չներկայացնեն Ասադի ռեժիմը նրանք, ում դեմ նա պայքարում է, ԴԱԻՇ-ն անհամեմատ սարսափելի է: Նրանք փորձում են արդարացնել հարյուրավոր անմեղ խաղաղ բնակիչների սպանությունները: Նրանք պարզապես հիվանդներ են:
Երկրորդ, անձամբ ինձ համար դա Ասադի հաղթանակն է, հնագիտության հաղթանակը ու բոլոր նրանց հաղթանակը, ովքեր մտահոգված են հնագույն հուշարձանների ճակատագրով: Պալմիրայի «անազատության» տարին բարոյական ու մշակութային աղետ էր»,- հայտարարել է Լոնդոնի քաղաքապետը: