Դեռևս հայտնի չէ՝ «Ժառանգությունը» կմասնակցի՞ «4+4+4» բանակցային ձևաչափին, թե՞ ոչ
Ինչպես հայտնի է, երեկ Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը իշխող կոալիցիային պաշտոնապես առաջարկ է ներկայացրել՝ ընտրական օրենսգրքի քննարկումների «4+4+4» բանակցային ձևաչափ ստեղծելու վերաբերյալ:
Այդ դիմումի մեջ նշվում է նաև այն հասարակական կազմակերպությունների անունները, որոնք ցանկություն են հայտնել ներկայացնել քաղհասարակության տեսակետը: Մինչ այդ Լ. Զուրաբյանն ասել էր, որ ԱԺ ընդդիմադիր 4 խմբակցությունները նույնպես կմասնակցեն բանակացություններին:
168.am-ը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց՝ իրենց խմբակցությունն է՞լ է այդ 4 ընդդիմադիր խմբակցությունների մեջ՝ հաշվի առնելով, որ իրենք նախկինում մերժում էին բանակցության որևէ ֆորմատ իշխանությունների հետ: Ի պատասխան՝ Ա. Մարտիրոսյանն ասաց.
««Ժառանգությունը» ընդդիմադիր խմբակցությունների և կուսակցությունների մեջ է, բնականաբար, բայց մասնակցության հետ կապված կարող ենք ասել` երբ հայտը կլինի, այն ժամանակ կքննարկենք»:
Հարցին՝ ակնկալիքներ կա՞ն, որ բանակցություններից հետո փոփոխություններ կլինեն ԸՕ-ում, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց, որ ինքը մի դեպքում է տեսնում փոփոխությունների հնարավարորություն՝ եթե ընդդիմադիր ուժերը հասարակության հետ փողոցից ճնշում իրականացնեն ու զուգահեռ աշխատեն միջազգային գործընկերների հետ ու միջազգային գործընկերները ևս որոշակի դիրքորոշում ցուցաբերեն.
«Համենյան դեպս, ինչպես երևում է, ցուցաբերում են. այդ պարագայում է, որ ես տեսնում եմ փոփոխության հնարավարություն»:
Ա. Մարտիրոսյանը չի կարծում, որ միայն ներսում պայաքարելով՝ հնարավոր է արդյունքի հասնել. «Եթե մեր համաքաղաքացիները թեկուզ Ընտրական օրենսգրքի հետ կապված պայքարեն, մենք իրենց ամբողջությամբ Ազտատության հրապարակով կաջակցենք, այսինքն՝ մենք ևս այդ պայքարին կաջակցենք»:
Ինչպես հայտնի է, օրերս «Նոր Հայաստան»-ի շտաբի ղեկավար Ժիրայր Սէֆիլյանը հայտարարել էր, որ առաջիկա ամսիներին իրենք բանակցելու են ընդդիմադիր մի շարք ուժերի և գործիչների (ՀԱԿ-ի, Ստեփան Դեմիրճյանի, Աշոտ Մանուչարյանի, Պարույր Հայրիկյանի, Նիկոլ Փաշինյանի, Արամ Կարապետյանի) հետ՝ արտահերթ ընտրությունների գնալու վերաբերյալ:
Ա. Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք տեղյա՞կ է նա՝ ի՞նչ փուլում են այդ բանակցությունները, ո՞ր ուժերի հետ կան որոշակի պայմանավորվածություններ կամ քննարկումներ: Ի պատասխան՝ Ա. Մարտիրոսյանն ասաց, որ պայմանավորվածությունների մասին տեղեկություններ չունի, բայց այն, որ սկսվել է պրոցեսը, դրա մասին տեղյակ է. «Արդյունքներին այս պահին չեմ տիրապետում, որովհետև դեռ նոր է սկսվել այդ պրոցեսը»:
Մեր ճշտող հարցին, թե կոնկրետ ո՞ւմ հետ է սկսվել այդ գործընթացը, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց, որ քանի դեռ քննարկումները չեն ավարտվել, ինքն այս պահին որևէ բան չի կարող ասել: