Նալբանդյանը և Ավակովն ընդգծել են ԵԱՀԿ-Հայաստան հարաբերությունների բազմաբովանդակությունը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 24-ին ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Արգո Ավակովին՝ հավատարմագրման նամակի հանձնման կապակցությամբ:

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից տեղեկացնում են, որ շնորհավորելով դեսպան Ավակովին նշանակման կապակցությամբ` նախարար Նալբանդյանը հաջողություն է մաղթել նրան առաքելության իրականացման գործում և նշել, որ արտգործնախարարությունը կշարունակի ամենայն աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աշխատանքներին:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարը հավաստիացրել է, որ կներդնի առավելագույն ջանքերը՝ Հայաստանում իրականացվող ծրագրերի արդյունավետությունը պահպանելու և բարձրացնելու, ՀՀ իշխանությունների և քաղաքացիական հասարակության հետ հաստատված փոխգործակցությունն ամրապնդելու համար:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ ԵԱՀԿ-Հայաստան հարաբերությունները միշտ աչքի են ընկել բազմաբովանդակությամբ և իրենց մեջ ներառում են ՀՀ ակտիվ ներգրավվածությունը ԵԱՀԿ գործունեության բոլոր երեք հարթություններում: Էդվարդ Նալբանդյանը կարևորել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը` նշելով, որ այն տարածաշրջանում միակ ամբողջ ծավալով գործող ԵԱՀԿ ներկայացուցչությունն է:

Էդվարդ Նալբանդյանը և Արգո Ավակովը քննարկել են Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացը, ԵԱՀԿ գրասենյակի օժանդակությամբ իրականացվող ծրագրերը:

Տեսանյութեր

Լրահոս