Պատրիարքը տեղյակ է սկանդալից. աղբյուր
Սփյուռքի հայկական մամուլում չի դադարում տարիներ առաջ Երուսաղեմի հայկական վարժարանում հայ հոգևորականների կողմից երեխաներ բռնաբարելու թեմայի քննարկումը: Ինչպես հայտնել էինք, թեման, երկար տարիներ իբրև գաղտնիք պահելուց հետո մամուլի նյութ էր դարձրել 38-ամյա Հրայր Եզեկելյանը, հայտարարելով, որ 1990-ականների սկզբին, երբ ինքը 12 տարեկան էր, Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում սովորելու ժամանակ մոտ 7 տարի ենթարկվել է սեռական շահագործման: Հրայր Եզեկելյանը Իսրայելի «10-րդ ալիք» հեռուստատեսության նկարահանող խմբի հետ այցելել է Երուսաղեմի Սուրբ Ծննդյան տաճար և փորձել ապացույցներ գտնել անցյալի դեպքերի մասին՝ տեսախցիկի առջև զրուցելով հայ հոգևորականի հետ, նրան հիշեցնելով, թե ինչպես էր բռնաբարում իրեն ու այլ երեխաների: Հոգևոր հովիվ Ջունդուրյանը, որը Հրայրի սովորելու տարիներին վարժարանի հսկիչն է եղել, բնականաբար, հերքում է պնդումները…
Ըստ Հրայր Եզեկելյանի, սեռական բնությունը տեղի է ունցել այն տարիներին, երբ Երուսաղեմի հայկական թեմում էր ծառայում Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանը, որը, ըստ երիտասարդի, տեղյակ էր տեղի ունեցող գաղտնի դեպքերից և նույնիսկ մասնակցել է իր հանդեպ սեռական բռնությանը: Դավիթ արք. Սահակյանը հետագայում տեղափոխվել է Ֆրանսիա, և Հրայր Եզեկելյանը, ավելի ուշ, գիտակցելով տեղի ունեցածի ողբերգությունը, հասնում է Ֆրանսիա, գտնում Դավիթ արքեպիսկոպոսին, գաղտնի ձայնագրում իրենց խոսակցությունները և 2013-ին Ֆրանսիայում դատ բացում նրա դեմ: Այս տարվա փետրվարին, արդեն հիվանդ ու ծեր արքեպիսկոպոսի դեմ ֆրանսիական դատախազությունը մանկապղծության մեղադրանք է առաջադրում: Թեմային անդրադարձել է նաև ֆրանսիական մամուլը (հայկական և տեղական), իսկ ընդամենը մեկ շաբաթ առաջ՝ մարտի 16-ին, երիկամային խրոնիկ հիվանդությունից հետո կյանքից հեռացել է Դավիթ արք. Սահակյանը: Հրայր Եզեկելյանը, վախենալով, որ արքեպիսկոպոսի մահով կարող է հարցը փակվել, ձեռքի տակ ունեցած նյութերը տարածում է ԶԼՄ-ներով, փորձելով մամուլի ուշադրությունը հրավիրել հարցի վրա: «Սիվիլնեթին» տված հարցազրույցում նա նշել է, որ պետք է կոտրել տաբուները և ի վերջո խոսել այս մասին:
«Արևելքը» հասունացող սկանդալի առաջին օրերին կապ էր հաստատել Երուսաղեմի հայոց պատրիարքարանի հետ՝ մեկնաբանություններ ստանալու, սակայն մեր դիմումը մնացել էր անպատասխան: Այսօր Երուսաղեմի հայոց պատրիարքարանին մոտ կանգնած աղբյուրներից «Արևելքին» հայտնեցին, որ Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը տեղյակ է սկանդալի մանրամասներից, նույնիսկ հատուկ հանձնախումբ է կազմվել, որը զբաղվում է այս հարցերով: Հրայր Եզեկելյանը դատ է բացել նաև Երուսաղեմի հայոց պատրիարքության դեմ: Պատրիարքությունը ներկայացուցիչներ ունի, որոնք մասնակցելու են դատական նիստերին, սակայն պատրիարքարանն այս առիթով դեռևս հանդես չի եկել պաշտոնական հաղորդագրությամբ:
Թեմային այսօր անդրադարձել է նաև Պոլսո «Ժամանակ» օրաթերթը, գրելով «Երուսաղեմի հայոց պատրիարքությունը լուրջ ցնցումներ է ապրում»: