
Աբդեսլամը չի իմացել Բրյուսելի ահաբեկչությունների նախապատրաստման մասին. փաստաբան

2015թ. նոյեմբերին Փարիզի հարձակումների կասկածյալ Սալահ Աբդեսլամի փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալը չի իմացել այն մասին, որ ծայրահեղականները հարձակումներ են նախապատրաստել Բրյուսելում: Սվեն Մարիի խոսքով՝ իր պաշտպանյալը փոխել է միտքը ու ցանկանում է որքան հնարավոր է արագ վերադառնալ Ֆրանսիա:
Ավելի վաղ Բելգիայի մամուլը կապ էր տեսել Աբդեսլամի կալանավորման և վերջին պայթյունների միջև:
«Սալահ Աբդեսլամն ասել է ինձ, որ ցանկանում է որքան հնարավոր է արագ գնալ Ֆրանսիա: Ես կխնդրեմ քննիչներին չընդդիմանալ նրա տեղափոխմանը»,-ասել է փաստաբանը BFM-ի հետ զրույցում: Ահաբեկչի փաստաբանի խոսքով՝ Աբդեսլամը ցանկանում է «բացատրվել Ֆրանսիայում»:
Նրա արտահանձնման հարցը Բրյուսելի դատարանը կքննի մարտի 31-ին, հայտնում է Reuters-ը:
Բելգիայում ծնված 26-ամյա Աբդեսլամը, որը ստացել է ֆրանսիական քաղաքացիություն, համարվում է Փարիզի հարձակումների երկու ողջ մնացած ահաբեկիչներից մեկը:
Անցած շաբաթ նա կալանավորվել էր Բրյուսելի ստուգայցերի ժամանակ: