ԱՄՆ-ը կարող է նախադեպային նվաճում արձանագրել ղարաբաղյան հակամարտության հարցում
«168 Ժամի» զրուցակիցն է Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը
– Պարոն Մինասյան, փարիզյան ահաբեկչությունից հետո միջազգային հանրությունն ակտիվորեն քննարկում էր, թե ինչպիսին պետք է լինի Արևմուտքի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում կամ արձագանքը նման մարտահրավերներին, և յուրաքանչյուր հզոր ահաբեկչական գործողությունից հետո սկսում են քննարկումները, թե ինչպես պետք է Արևմուտքը՝ ԱՄՆ-ը, Եվրոպան, արձագանքեն այս մարտահրավերներին, քննարկեն, թե որոնք են եղել Մերձավոր Արևելքում և Եվրոպայի ներսում այդ քաղաքականության թերի կողմերը։ Չկա՞ արդյոք քաղաքականության փոփոխության անհրաժեշտություն։
– Նույնիսկ, եթե Եվրոպան փոխի իր ռազմավարությունը Սիրիայում, չեմ կարծում, որ ահաբեկչություններ այլևս չեն լինի, դրանք շարունակվելու են, և Եվրոպան, ըստ իս, չպետք է փոխի իր ռազմավարությունը, քանի որ նախ՝ Եվրոպան չունի ներկայություն Սիրիայում, եվրպական մի շարք պետություններն են, որոնք ռմբակոծում են «Իսլամական պետությանը», ինչպես Ֆրանսիան ու Անգլիան։ Թերևս, ավելի կոշտ, ավելի ամբողջական ռազմավարություն պետք է մշակվի, բայց դադարեցնել ներկայիս ռազմավարությունը, չեմ կարծում, թե պետք է։ Տեսնենք, թե ինչ որոշում կկայացնեն բելգիացիները։ Չեմ սպասում ոչ մի փոփոխություն եվրոպական քաղաքականության մեջ։
– Տեսակետներ են շրջանառվում, որ ահաբեկչությունները Սիրիայում, և Մերձավոր Արևելքում Արևմուտքի սխալ քաղաքականության պատասխանն են, ինչից ելնելով էլ, պնդումներ կան, որ Արևմուտքը պետք է վերանայի իր քաղաքականությունը։
– Այո, կան փորձագետներ, ովքեր կարծում են, որ, եթե Արևմուտքը չռմբակոծի Սիրիան, «Իսլամական պետությունը», ահաբեկիչները չեն թիրախավորի եվրոպական մայրաքաղաքները։ Հասկանալի է։ Բայց ես չեմ ընդունում այդ գաղափարը, որովհետև կարծում եմ, որ մենք մտել ենք համաշխարհային գլոբալիզացիայի մի գործընթացի մեջ, և այն երկու երես ունի, դրանցից մեկը մաքուր է և դրական, հույս է ներշնչում, մյուս երեսը, որը բացասական է, վտանգավոր և պատերազմական է, սա է իրականությունը։ Նույնիսկ, եթե չլինի Սիրիայի, Լիբիայի, Իրաքի հարցը, չեմ կարծում, թե խաղաղություն լինի աշխարհում, քանի որ շատ են պատերազմական օջախները, և ինքնաբերաբար ջիհադիստներն իրենց գործողություններին են դիմելու, ինչպես տեսանք Փարիզում, երեկ՝ Բրյուսելում, 11-12 տարի առաջ՝ Իսպանիայում ու Անգլիայում։
Այսինքն՝ որքան մենք մտնենք գլոբալիզացիայի մեջ, այնքան կմեծանա ահաբեկչությունը, ջիհադիզմը և ֆաշիզմը։ Սա է խնդիրը։ Այլ միջոցներ պետք է գործադրվեն, որպեսզի լուծվեն այդ հարցերը։ Չեմ կարծում, որ միայն ռմբակոծելով Սիրիայի տարածքը, ԻՊ հենակետերը, կարող ես լուծել ողջ խնդիրը։ Այլ տեսակի միջոցներ են անհրաժեշտ, և, ինչպես Արևմուտքում ընդունված է ասել, միայն ու միայն կոշտ միջոցների փոխարեն անհրաժեշտ է փափուկ ուժ (soft power)՝ շեշտը դնել կրթության, ինտեգրացիոն քաղաքականության, համագործակցության, տնտեսական զարգացման վրա։ Կարծում եմ՝ հասկանալի են կոշտ միջոցները, բայց դրանք անբավարար են, չեն կարող միայն ռմբակոծելով՝ լուծել այս հարցը։ Ճիշտ հակառակը։
– Համաշխարհային անվտանգության անկայուն, անհուսալի իրավիճակը չի կարող շրջանցել նաև Հայաստանը և Հարավային Կովկասը, որը գտնվում է անկայունության օջախների հարևանությամբ։ Ուստի ավելի կարևոր են դառնում անվտանգության սպառնալիքները։ Ըստ Ձեզ՝ այս համատեքստում ներկայումս առկա փխրուն միջազգային անվտանգությունը կամրապնդի՞ արդյոք Վաշինգտոնում կայանալիք Ալիև-Սարգսյան հնարավոր հանդիպմանը արդյունքի հասնելու անհրաժեշտությունն Արևմուտքի մոտ։ Այսինքն՝ այս ֆոնին ԼՂ հակամարտության կարգավորումն ավելի կկարևորվի՞, թե՞ ոչ։
– Ըստ երևույթին՝ ոչ։ Նախ՝ այն պատճառով, որ ԼՂ հակամարտությունն այսօր չունի որևէ առնչություն այս հարցի հետ։ Հավանական է, որ Չեչնիան և Ադրբեջանը՝ որպես իսլամական երկրներ, խնդիրների առնչվեն՝ արմատականության հետ կապված, սակայն անուղղակի կերպով կարող է հետագայում իր արձագանքը գտնել ԼՂ հակամարտության վրա։ Բայց չեմ կարծում, որ կա առնչություն, և կկարևորվի ԼՂ հակամարտությունը։ Նաև այն պատճառով, որ Հայաստանը հանգիստ սահմաններ ունի Իրանի և Վրաստանի հետ, այս երկրներն արմատական իսլամիզմի հետ կապ չունեն, այսինքն՝ սուննիների հետ, քանի որ իրանցիները շիական երկիր են «Իսլամական պետության» դեմ։ Հարց կա Թուրքիայի և Ադրբեջանի հետ, բայց չեմ կարծում, որ այս պահին Թուրքիան կարող է օգտագործել արմատական իսլամիստներին Հայաստանի դեմ, և նույնիսկ Ադրբեջանը, որովհետև արմատական իսլամիստների համար Թուրքիան և Ադրբեջանը շիտակ և մաքուր մուսուլմանական երկրներ չեն, ուրեմն, եթե տարածաշրջանում տարածվի այս ամենը, դրանից առաջինը կտուժեն Ադրբեջանն ու Թուրքիան, քան Հայաստանը։
Ինչպես գիտեք, արմատական իսլամիստներն այսօր ակտիվ են Թուրքիայում, ահաբեկչություններ են կազմակերպում։ Այս համատեքստում կարող եմ ասել, որ Ղարաբաղի հարցն այնքան գլոբալ դարձավ, որ իր առավելությունն է դա, բայց մինչ այս պահը չեմ կարծում, որ անվտանգության միջավայրը, որը տարածվում է Միջին Արևելքից դեպի Եվրոպա, կազդի ղարաբաղյան հակամարտության վրա։
– Պարոն Մինասյան, մի շարք փորձագետներ հուսով են, որ ԱՄՆ-ում բեկում կգրանցվի ԼՂ հակամարտության հարցում, ընդհուպ՝ կան տեսակետներ, որ Օբաման հանդես կգա հատուկ նախաձեռնությամբ։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս հանդիպումից։
– Եթե ուսումնասիրում ես Օբամայի վերջին մեկ տարվա քայլերն ու որոշումները՝ Իրանից մինչև Կուբա, ապա կարելի է սպասել Օբամայի նախաձեռնությանը ԼՂ հակամարտության, Իսրայելապաղեստինյան կոնֆլիկտի, Սիրիական, կամ, ինչո՞ւ ոչ, Իրաքի հակամարտության շուրջ։ Հարց է, թե ԱՄՆ-ի համար արդյոք Ղարաբաղի հարցն առաջնահերթությո՞ւն է, թե՞ ոչ։ Եթե առաջնահերթություն է, կարող ենք սպասել նախաձեռնություն, եթե՝ ոչ, ապա չպետք է սպասել կարևոր քայլ։ Ըստ իս, Օբաման, եթե նույնիսկ խոսի, կխոսի միջադեպերի հետազոտության մեխանիզմի ներդրման մասին, ինչպես կարելի է գործադրել այդ մեխանիզմը, քանի որ դա ԱՄՆ-ի համար լուրջ նախաձեռնություն է և հավանության է արժանացել մի քանի կառույցի՝ Կոնգրեսի և Պետքարտուղարության կողմից։ Եթե կարողանան այդ մեխանիզմը ներդնել Ղարաբաղում, շատ բան կփոխվի ոչ միայն Ղարաբաղում, այլև նույնիսկ այլ գոտիներում։ Սա կարող է նախադեպային նվաճում դառնալ։