Բաժիններ՝

Գյումրիում 9-ամյա Էմման երազում է մահճակալ ունենալու մասին

asparez.am-ը գրում է. Քայքայված տնակում է ծնվել ու մեծացել 9-ամյա դպրոցական Էմման, հենց այն տնակում, որի առաստաղից չեն դադարել եւ այսօր էլ չեն դադարում անձրեւի ու ձյան հալոցքի կաթոցները: 6 մետր երկարությամբ խոնավ ու ցուրտ տնակում Էմմայի հետ նույն պայմաններում ապրում է նաեւ նրա քույրը` 6-ամյա Աննան:

Երեխաների մայրը` 32-ամյա Ազգանուշ Սարգսյանը տկար է, ջերմություն ունի. տնակի խոնավությունն ազդել է երիտասարդ կնոջ առողջության վրա: Տիկին Ազգանուշի ամուսինը հիմնական աշխատանք չունի, օրավարձով տարբեր տեղեր բանվորություն է անում:

Գյումրու Ռեպին փողոցի 217/517 տնակում այս ընտանիքն ապրում է արդեն 10 տարի: Ընտանիքը 1988-ի երկրաշաժին բնակարան չի կորցրել, մինչ աղետը նրանք ապրել են վարձով, դրանից հետո տեղափոխվել են այս կիսախարխուլ տնակ, որտեղ էլ ծնվել եւ շարունակում են մեծանալ անչափահասներ Էմման ու Աննան:

Տնակն ամբողջությամբ քայքայված է. ընտանիքի անդամներն անձրեւի ընթացքում չգիտեն որտեղ թաքնվեն: «Ինչխօր կռանթը բացես»,-ստեղծված իրավիճակն է նկարագրում երիտասարդ մայրն ու մատնացույց անում մանկական վարդագույն տարան. տարայում կիսով չափ անձրեւաջուր է:

Տնակի մի անկյունում փայտի վառարանն է, քամուց հաճախ ծուխը ներս է լցվում ու կրակը մարում: Վառելափայտի մի մասը ընտանիքին տրամադրել է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն, իսկ մյուս մասը խնայած գումարներով են գնել:

Տնակն այս օրերին ջեռուցվում է էլեկտրական ջեռուցիչով` հազիվ, մի կերպ: Տնակում չկան նույնիսկ կոմունալ տարրական հարմարություններ, տան տիկինը մատնանշում է վառարանին դրված մեծ կաթսան եւ պատմում, որ այս տարբերակով ջուր է տաքացնում եւ երեխաներին այդ տաքացած ջրով լողացնում հենց տնակում:

32-ամյա կնոջ խոսքով՝ պետության կողմից ընտանիքը ստանում է ընտանեկան նպաստ, որն ընդհանուր կազմում է 30 հազար դրամ. տիկին Ազգանուշը չնչին գումարով հարեւանների, ծանոթների վարսերն է կտրում ու հարդարում: Ասում է` հաճախորդներն էլ իր նման չքավոր մարդիկ են, չեն կարողանում վճարել, վճարում են միայն այն ժամանակ, երբ ստանում են նպաստ կամ թոշակ: Երբ տան գումարը պակասում է կամ ուշանում է նպաստը, այս ընտանիքը եւս, Գյումրու հազարավոր ընտանքիների նման, ծանոթ ու մոտ խանութից միայն առաջին անհրաժեշտության սնունդ է գնում, այն էլ` ապառիկ. Պարտք փակում են, երբ ստանում են ընտանեկան նպաստը:

Փոքր, անհարմարավետ աթոռակին նստած` երիտասարդ, հոգսաշատ կինը պատմում է առօրյա դժվարությունների, ամուսնու տանջալից աշխատանքի մասին ու արտասվում: Փորձում է արագ սրբել արցուքները` դրանք թաքցնելով երեխաներից, որոնք լուռ կանգնել էին կողք կողքի եւ լսում էին մորը:

Վառարանից մի քանի քայլ այն կողմ` դեպի տնակի խորքը, երկաթյա անհարմարավետ մահճակալներ են, իսկ նրանիցի մեկը` օրորոցային:

-Էրեխեքս կուչ գուքան ու էդպես կքնին,-հազիվ լսելի ձայնով ասում է մայրը…

9-ամյա Էմման խորը հայացքով նայում է ու մեկ բառով արտաբերում իր երազանքի մասին` ընդամենը մահճակալ….

Ազգանուշի խոսքով՝ երբեւիցե որեւէ կառույցից օգնություն չի ստացել, միայն վերջերս վառելափայտի օգնություն է ստացել «Շիրակ կենտրոն» ՀԿ-ից: Այն էլ շուտով կվերջանա…

6-ամյա Աննան հաճախում է համայնքապատկան «Ժպիտ» մանկապարտեզ: Ու չնայած ընտանիքի սոցիալական վատ վիճակին՝ վարձավճարի ոչ մի զեղչից չի օգտվում: Այնուամենայնիվ, մայրն ամեն ամիս դժվարությամբ, բայց վճարում է մանկապարտեզի վարձավճարը, ասելով` մանկապարտեզ տվել եմ, որ գոնե լավ սնվի, էս հող ու կեղտից էլ մի քանի ժամով կտրվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս