
Ինչո՞ւ է Ս. Հաղորդության խորհուրդը կոչվում «Անարյուն Պատարագ»

– Ինչո՞ւ է Ս. Հաղորդության խորհուրդը կոչվում «Անարյուն Պատարագ»:
– Եկեղեցու գլխավոր ծիսական արարողությունը Ս. Պատարագն է, որի առանցքը Ս. Հաղորդությունն է: Պատարագ բառը նշանակում է զոհ, նվեր, ընծա: Քրիստոս խաչի վրա թափած Իր թանկագին արյամբ մեր մեղքերի պարտամուրհակը գամեց խաչափայտին և Իրեն զոհաբերեց մարդկության փրկության համար: Ուստի Ս. Հաղորդությունը խաչի վրա մատուցած Տիրոջ հավիտենական Պատարագի շարունակական խորհուրդն է Եկեղեցու կյանքում:
Ամեն անգամ, երբ մեր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում, մեր Տերը` Հիսուս Քրիստոս, իբրև հաշտության զոհ, պատարագվում է Ս. Սեղանի վրա, բայց այս անգամ անարյուն և խորհրդավոր կերպով պատարագիչ հոգևորականի ձեռքով, ինչպես «Պատարագամատույցի» ծածուկ աղոթքում է ասվում. «Որովհետև Դու ես, որ մատուցում ես, մատուցվում և ընդունում, Քրիստո՛ս, Աստվա՛ծ մեր»:
Այդ պատճառով Ս. Հաղորդության խորհուրդն անվանում են նաև «Անարյուն Պատարագ»:
armchurch.info