Բաժիններ՝

Արաքս Մանսուրյանը հանդես կգա Տոկիոյում

Տոկիոյի «Դայկանյամա Հիլսայդ տերաս» սրահների համալիրում մարտի 22-ին կմեկնարկի Հայկական մշակույթի շաբաթը, որի նպատակն է մշակութային կամուրջ հաստատել Հայաստանի և Ճապոնիայի միջև։ Այս մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացրել է Ճապոնիայում ՀՀ դեսպանի օգնական Մոնիկա Սիմոնյանը:

Մշակույթի շաբաթվա ընթացքում ցուցադրվելու են երիտասարդ ճապոնացի արվեստագետ Մակոտո Մաեդայի և հայազգի դիզայներ, նկարիչ Արև Պետրոսյանի աշխատանքները։ Ճապոնիայի «Շոգակայ» միությունը ներկայացնելու է հայաստանյան մոտիվներով ճապոնական գեղագրության արվեստը, մեկ առանձին սրահ նվիրվելու է հայկական խաչքարերի լուսանկարների ցուցադրությանն ու պատմությանը։ Գործելու է նաև Սերգեյ Փարաջանովի կյանքի և աշխատանքների մասին պատմող անկյուն։

Մարտի 24-ին, 26-ին և 27-ին անցկացվելու է հայ երաժշտության փառատոն, որի ընթացքում տեղի է ունենալու սոպրանո Արաքս Մանսուրյանի մենահամերգը՝ ճապոնացի դաշնակահար Տակահիրո Ակիբայի նվագակցությամբ։ Ծրագրված են նաև հայ և ճապոնացի երաժիշտների համատեղ համերգներ, որոնց ընթացքում կհնչեն հայ դասական ստեղծագործություններ։ Հայ դասական երաժշտության ներքո կներկայացվի նաև ճապոնական սուսերապար։

Մարտի 26-ին և 27-ին տեղի կունենան հայկական և ճապոնական կաճամետրաժ ֆիլմերի երեկոներ։

Մշակույթի շաբաթը կազմակերպվել է Ճապոնիայում Հայաստանի դեսպանության ջանքերով, Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA), համայնքային կառույցների, «Կոմիտաս» միության, «Գալերի Գինզա Իչոմե» և այլ ընկերությունների աջակցությամբ։

Մշակույթի շաբաթվա ընթացքում կկազմակերպվի նաև ընդունելություն, որի ընթացքում հյուրերը կարող են համտեսել հայկական ավանդական ուտեստներ և խմիչք։ Հայկական գյուղատնտեսական մթերքը առանձին տաղավարում այցելուներին կներկայացնի JICA գործակալության աջակցությամբ Հայաստանում «One village one product» ծրագիրն իրականացնող ճապոնական ընկերությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031