Կառավարությունը հետաձգել է խանութներում հատուկ սարքերի տեղադրման ժամկետը
Այսօր ԱԺ նիստում կառավարության հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը գործադիրի անդամներին փոխանցեց սոցիալական ցանցերում տիրող անհանգստությունը, որ մինչև մայիսի 1-ը փոքր ձեռնարկությունները և խանութները պետք է լազերային սկաներներ տեղադրեն, որը բավականին թանկ արժե:
«Ճշմարի՞տ է, որ մինչև մայիսի 1-ը նման հարկադրանք կա, որքա՞ն փոքր խանութ կա և որքա՞ն արժեն այդ սկաներները»,- հարցրեց պատգամավորը:
ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը պատասխանեց, որ հսկիչ դրամարկղային մեքենաների մասին է խոսքը: Նա նաև ասաց, որ դա բոլոր տեսակի շրջանառությունները ֆիքսող սարք է դա, և, որ տնտեսվարողները միասնական դաշտում պետք է աշխատեն: Նա հայտնեց, որ մայիսի 1-ը կառավարության որոշումամբ հետաձգվել է մինչև 2017 թ. հունվարի 1-ը, իսկ սարքի արժեքի հետ կապված ներկայումս բանկացում են: Գ.Խաչատրյանը հիշեցրեց, որ կառավարությունը բացառիկ որոշում էր ընդունել և ՀԴՄ-ները շատ դեպքերում զեղչով կամ անհատույց տրվեցին փոքր ձեռնարկություններին, այժմ քննարկվում է, որ շարունակվի այդ գործընթացը:
Ա.Մանուկյանը հետաքրքրվեց, թե դա սովորակա՞ն ՀԴՄ-ն է, թե՞ կոմպյուտերային նոր սարք է: Ըստ նրա՝ դա կարող է 1-2 աշխատող ունեցող խանութները փակելու առիթ դառնալու և խանութը, որն օրական 10 հազար դրամի շրջանառություն ունի, չի կարող մի քանի հարյուր հազար դրամ արժողությամբ սարք գնել: Գ.Խաչատրյանը տեղեկացրեց, որ սարքը բազմաֆունկցիոնալ է, ծրագրային ապահովումը կատարել են հայ ծրագրավորողները՝ Թայվանի գործընկերների հետ միասին, և համեմատաբար էժան է՝ մոտ 760 դոլար, և այն հնարավորություն ունի էլեկտրոնային կապուղիներով տեղեկատվությունը փոխանցել: