Հայաստանն աշխարհի ամենաերջանիկ երկրների վարկանիշում 121-րդն է
ՄԱԿ-ի կողմից հռչակված Երջանկության օրվան՝ մարտի 20-ին ընդառաջ հրապարակվել է աշխարհի ամենաերջանիկ երկրների նոր ցուցակը: Հայաստանը 157 երկրների շարքում զբաղեցրել է 121-րդ հորիզոնականը:
Ամենաերջանիկ երկրների ինդեքսի կազմության ժամանակ հաշվի են առնվել երկրներում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն, սոցիալական աջակցությունը, առողջ կյանքի տևողությունը, կյանքում ընտրություն կատարելու ազատությունը, առատաձեռնությունն ու կաշառակերությունը:
Ցուցակի առաջատար տասը հորիզոնականներում են Դանիան, Շվեյցարիան, Իսլանդիան, Նորվեգիան, Ֆինլանդիան, Կանադան, Նիդերլանդները, Նոր Զելանդիան, Ավստրալիան և Շվեդիան:
Հայաստանի հարևաններից Վրաստանը 126–րդ հորիզոնականում է, Ադրբեջանը՝ 81-րդ, Իրանը՝ 105-րդ և Թուրքիան՝ 78-րդ: Ռուսաստանը զբաղեցրել է 56-րդ հորիզոնականը, իսկ Միացյալ Նահանգները՝ 13-րդ:
Ցուցակի ստորին հորիզոնականներում են Բենինը, Աֆղանստանը, Տոգոն, Սիրիան և Բուրունդին: