Հայկական Shadowmatic խաղը հաղթել է ամերիկյան հեղինակավոր մրցանակաբաշխության երկու անվանակարգերում
Հայկական Shadowmatic-ը՝ կրկին հաղթող
Օրերս Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցած IMGA (International Mobile Gaming Awards) մրցանակաբաշխությունում հայկական Triada Studio-ի կողմից ստեղծված Shadowmatic խաղը կրկին լավագույնն է ճանաչվել միանգամից երկու՝ «Լավագույն տեխնիկական լուծում» և «Մարդկանց ընտրությունը» անվանակարգերում: IMGA մրցանակաբաշխությունը մոբայլ խաղերի առաջատար հարթակներից մեկն է, որտեղ ներկայացվում են նաև iPhone, Android և այլ համակարգերի համար նախատեսված լավագույն հավելվածները:
Հիշեցնենք, որ 2015 թվականին Shadowmatic խաղը ճանաչվել էր լավագույն iOS խաղ Ճապոնիայում, Չինաստանում, Ռուսաստանում ու ևս մի քանի երկրներում: 2015թ. արժանացել է Apple Design Award (ADA) մրցանակին, իսկ DevGAMM 2015 Awards մրցանակաբաշխությանը հաղթող էր ճանաչվել երկու անվանակարգում՝ Գերազանցություն տեսողական արվեստում (Excellence in Visual Art) և Լրատվամիջոցների ընտրություն (Media Choice Award): 2016թ. Shadowmatic-ը միանգամից հինգ անվանակարգերում ներկայացվել էր Ամստերդամում կայացած հեղինակավոր Indie Prize Awards (independent video game) միջազգային մրցանակաբաշխությանը և կրկին հաղթող ճանաչվել:
Shadowmatic-ի համահիմնադիր Բագրատ Դաբաղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Best Technical Achievement»-ը անսպասելի էր, քանի որ մրցակիցները շատ էին և ուժեղ. մինչև վերջ չէի հավատում: Իսկ «People Choice Award»-ը լրիվ ձերն է»: Բագրատ Դաբաղյանը շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր օն-լայն տարբերակով քվեարկել են խաղի օգտին: