«Չեմ զարմանա, եթե Ռոբերտ Քոչարյանն էլ Մարտի 1-ին ցույց անի՝ պահանջելով բացահայտել գործը». Ալեքսանդր Արզումանյան
«Ես ողջունում եմ Վարդան Օսկանյանի` կուսակցություն ստեղծելու որոշումը, որովհետև, ինչպես ցանկացած ՀՀ քաղաքացի, այնպես էլ պարոն Օսկանյանը կարող է հանդես գալ սեփական կուսակցությունով»,- այսօր Ազգային ժողովում մի քանի լրագրողների հետ զրույցի ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ՀՀՇ խորհրդի նախագահ Ալեքսանդր Արզումանյանը: Հիշեցնենք, որ երեկ ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ իր ստեղծելիք կուսակցության օրակարգում կլինի Մարտի 1-ի բացահայտումը:
Ա. Արզումանյանի խոսքով՝ նոր համակարգը ենթադրում է, որ կուսակցությունները կարող են ակտիվ աշխատել, իսկ Վարդան Օսկանյանն ունի քաղաքական դաշտում աշխատելու փորձ. «Ինչ վերաբերում է Մարտի 1-ի հարցի բացահայտմանը, ապա կարող եմ ասել, որ Վարդան Օսկանյանը կարող է խորապես աջակցել Մարտի 1-ի գործի բացահայտմանը, սակայն ենթադրում եմ, որ դրա համար նա ոչ թե պետք է կուսակցություն բացեր, այլ բավարար էր ընդամենը ցուցմունք տար քննչական ծառայությունում` պատմելով այն ամենը, ինչ գիտեր: Այս պարագայում այդ ոճրագործությունն ավելի դյուրին կլիներ բացահայտել»:
168.am-ի հարցին՝ ինչպե՞ս է այնուամենայնիվ գնահատում Վ. Օսկանյանի այս քայլը` կուսակցության օրակարգում ներառել Մարտի 1-ի բացահայտման հարցը, Ա. Արզումանյանն այսպես պատասխանեց. «Բավական երկար ժամանակ է` ինչ ես քաղաքականության մեջ եմ, և ինձ այլևս որևէ բան չի զարմացնում: Եթե կհիշեք, ես իմ ելույթներից մեկում ասել եմ, որ ցինիզմի աստիճանն այնքան է բարձրացել, որ չեմ զարմանա, եթե Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ին ցույց անի՝ պահանջելով բացահայտել գործը»: