Վարդան Օսկանյանի ստեղծելիք կուսակցության օրակարգում Մարտի 1-ի բացահայտումը կլինի
ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը Մարտի 1-ը համարում է «սև էջ», իսկ տվյալ օրվա իշխանությանը՝ պատասխանատու կատարվածի համար: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Օսկանյանը հայտարարեց, թե իշխանությունը չպիտի թույլ տար, որ նման բան տեղի ունենար:
Դիտարկմանը, որ այդ օրերին նաև ինքն է իշխանության կազմում, ավելին՝ Մարտի 1-ին հայտարարությամբ է հանդես եկել, Օսկանյանը խորհուրդ տվեց թարմացնել հիշողությունը, քանի որ իր ելույթը կրակոցներից 3-4 ժամ առաջ է եղել. «Ուղղակի օդում զգալով, որ լարված իրավիճակ է և նման զարգացումներ կարող են լինել, փորձել եմ կանխել: Ես շահեկանորեն տարբերվում եմ մյուս քաղաքական գործիչներից, որ այդ պատասխանատվությունն եմ վերցրել, համարձակություն եմ ունեցել կանգնել կամերայի առաջ և կոչ անել և՛ հանրապետության նախագահին, և՛ ընդդիմությանը, որպեսզի կարողանան երկխոսության մեջ մտնել, որպեսզի խուսափենք մարտի 1-ից»:
Ըստ նրա՝ իր ստեղծելիք կուսակցության օրակարգում Մարտի 1-ի բացահայտումը կլինի և իրենք կաջակցեն. «Իրավապահ մարմինները պիտի դրանով զբաղվեն: Որքան թափանցիկ լինեն նման հարցերը, այնքան լավ մեր հետագա զարգացումների համար»: