Արտակ Շաբոյանը՝ Սամվել Ալեքսանյանի հայտարարությունների մասին
«Մենք ֆիզիկական անձանց չենք տուգանում, մենք տուգանում ենք տնտեսվարող սուբյեկտներին, կոնկրետացրեք՝ որ տնտեսվարողին նկատի ունեք»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը՝ արձագանքելով հարցին, թե մտահոգիչ չի՞ համարում, որ Սամվել Ալեքսանյանը հայտարարում է, որ «խախտումներ անում ենք, բայց աշխաատեղ ենք ստեղծում»:
Լրագրողը հստակեցրեց, որ խոսքն Ալեքսանյաններին պատկանող «Ալեքս-Գրիգ» ընկերության մասին է, Ա. Շաբոյանը պատասխանեց, որ այդ ընկերությունը նախկինում մի քանի անգամ տուգանվել է հանձնաժողովի կողմից, եթե խախտումներ կլինեն, կրկին կտուգանվի. «Խոսքը ոչ միայն վերաբերում է «Ալեքս-Գրիգին», այլև՝ մնացած բոլոր ընկերություններին»:
Հարցին՝ Դուք չգիտե՞ք՝ անո՞ւմ են խախտումներ, թե՞ ոչ, Սամվել Ալեքսանյանը չի հերքում, Ա. Շաբոյանը պատասխանեց, որ չի կարող որևէ մեկի խոսքերը մեկնաբանել. «Մենք ուսումնասիրում ենք, և իրավախախտումների հիմքերի, ապացույցների առկայության դեպքում պատասխանատվության ենք ենթարկում տնտեսվարողներին: Եթե առարկայական փաստեր կան, ներկայացրեք հանձնաժողովին»:
Հարցին՝ բանանի շուկան ե՞րբ եք ստուգելու, Ա. Շաբոյանը պատասխանեց, որ բանանի շուկան մշտապես գտնվում է հանձնաժողովի տեսադաշտում, ու մշտապես գնագոյացման հաշվարկներ են կատարվում, ուսումնասիրություններ են իրականացվում այդ շուկայում:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ ըստ Ձեզ՝ Սամվել Ալեքսանյանը մոնոպոլի՞ստ է, թե՞ ոչ: Ի պատասխան՝ Ա. Շաբոյանն ասաց, որ ինքը նորից չի կարող որևէ մի ընկերություն որևէ անձի հետ կապել. «Որովհետև հանձնաժողովին իսկապես չի հետաքրքրում, թե որ ընկերության սեփականատերն ով է, ինչպիսի կարգավիճակ ունի, մենք խոսում ենք ընկերությունների, իրավաբանական անձանց մասին, օրենքի լեզվով՝ մոնոպոլիստներ, մենաշնորհներ չկան, այսինքն՝ կան բնական մենաշնորհներ, մնացածները կոչվում են գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություններ: Այո, կան գերիշխող դիրք զբաղեցնողներ, կան շուկաներ, որոնք կենտրոնացված են, ունենք խոշոր ընկերություններ, բայց դա խախտում, խնդիր չի հանդիսանում: Մենք պայքարում ենք իրենց իրավախախտումների, հակամրցակցային հարաբերությունների դեմ»: