
Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունը դարձյալ նախազգուշացրել է ահաբեկչական սպառնալիքի մասին

Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշական նամակ է ուղարկել այդ երկրում գործող ամերիկյան ընկերություններին՝ կապված ահաբեկչության սպառնալիքի հետ, հայտնում է Habertürk-ը:
Դեսպանության նամակում ասվում է, որ մարտի 30-ին Թուրքիայում սպասվում է ահաբեկչությունների նոր շարք: Նամակում, որը նախապատրաստվել է հետախուզական տեղեկության հիման վրա, ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում հեռու մնալ ադմինիստրատիվ շինություններից, որտեղ տեղակայված են ռազմական կառույցներ, դիվանագիտական կորպուսներ, մզկիթներ, զվարճանքների ու առևտրի կետեր:
Նամակում ասվում է, որ մարդկանց զանգվածային կուտակման վայրերը վտանգ են ներկայացնում:
Հիշեցնենք, որ մարտի 11-ին Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունը իր քաղաքացիներին նախազգուշացրել էր ահաբեկչության հնարավոր սպառնալիքի մասին: Դրանից 2 օր հետո Անկարայում տեղի ունեցած պայթյունը խլեց 37 մարդու կյանք: