
Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ինքնաթիռների առաջին խումբը Սիրիայից ուղևորվել է Ռուսաստան

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ռուսական ինքնաթիռների առաջին խումբը Սիրիայից ուղևորվել է իրենց մշտական տեղակայման վայրեր, տեղեկացնում է RIA Novosti-ն:
Ինքնաթիռները թռչում են խմբերով, որի կազմում ներառված է «առաջատարը»՝ ռազմատրանսպորտային ավիացիայի «Տու-154» կամ «Իլ-76» ինքնաթիռ, որը տեղափոխում է անձնակազմին, ավիացիոն ու նյութատեխնիկական գույք, ավիացիոն խմբում կան նաև տարբեր տեսակի ռազմական ինքնաթիռներ (առաջին խմբի կազմում կա բազմաֆունկցիոնալ «Սու-34» ռմբակոծիչ):
Այդ շարքով ավիախումբը թռչում է մինչև Ռուսաստանի սահմանը, ապա սահմանը հատելուց հետո բոլոր ինքնաթիռները ինքնուրույն ուղևորվում են իրենց մշտական տեղակայման օդանավակայաններ:
Երեկ երեկոյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սիրիայում գտնվող ռուսական հիմնական ուժերը դուրս են բերվելու երկրից, քանի որ ՌԴ պաշտպանության առաջ դրված խնդիրները հիմնականում կատարվել են:
Ընդ որում՝ Սիրիայում ռուս զինվորականների կետերը՝ Տարտուսում՝ ծովային ու «Խմեյմիմ» օդանավակայանում՝ ավիացիոն, ըստ Պուտինի, «կգործեն նախկինի պես»:
Մինչ Սիրիայից ռուսական զորքերի դուրսբերման որոշումը կայացնելը Պուտինը այդ հարցը քննարկել էր ԱՄՆ նախագահ Օբամայի հետ:
Փորձագետների կարծիքով՝ որոշումը նախապես համաձայնեցվել է Դամասկոսի ու Վաշինգտոնի հետ: