«Պատասխանատվությունն ամեն մեկն էլ իր չափով ունի». Արմեն Ռուստամյանը՝ Վարդան Օսկանյանի կուսակցության և Մարտի 1-ի մասին

«Երբ ինչ-որ նոր քաղաքական ուժ է ստեղծվում, առաջին իմ զգացողությունն այն է, որ հաջողություն իրենց մաղթենք, որ իսկապես կարողանան կայացնել մեր քաղաքական դաշտը»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ խոսելով Վարդան Օսկանյանի կողմից ստեղծվելիք կուսակցության մասին:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ Մարտի 1-ի բացահայտումը կլինի իր ստեղծելիք կուսակցության օրակարգում։

Ա. Ռուստամյանը կարծում է՝ մեր քաղաքական դաշտը հագեցած է քաղաքական գործիչներով, ուժերով. «Բայց, ամեն դեպքում, ես գնահատում եմ պարոն Օսկանյանի անցած ճանապարհը, իսկապես նա փորձառու պետական, քաղաքական գործիչ է, և ինքն արդեն իր «Սիվիլիթաս» հիմնադրամով բավականին լավ գործունեություն ծավալում է, շատ օգտակար է, եթե ուզում է այդ ճանապարհով ավելի ինքնադրսևորվել, ես իրեն միայն հաջողություն կարող եմ մաղթել, որովհետև ես ցանկացած ողջամիտ, տրամաբանական բանավեճ օգտակար եմ համարում»:

Հարցին, թե այդ օրվա իշխանություն լինելով, պատասխանատվությունը ո՞ր չափով եք կիսում, Ա. Ռուստտամյանը պատասխանեց. «Մենք բազմիցս այդ մասին խոսել ենք, համարում ենք, որ, այո, քանի մենք չենք բացահայտել ամբողջությամբ այդ սպանությունների մեղավորներին, այդ էջը փակվել չի կարող, ու այդ խնդիրը մնում է մեր առաջ որպես չլուծված հարց: Սա ողբերգություն էր բոլորիս համար, պատասխանատվությունն ամեն մեկն էլ իր չափով ունի: Ամեն ինչ արել ենք, որ այդ բախումը կանխվի»:

Կարդացեք նաև

Դիտարկմանը, թե Վ. Օսկանյանն ասում է՝ ինքն ամենաշատն է փորձել կանխել այդ ամենը, Ա. Ռուստամյանն այսպես արձագանքեց. «Այո, ինքն էլ է փորձել կանխել, ելույթ է ունեցել և հենց այդ ժամանակ ասուլիս է տվել»:

Տեսանյութեր

Լրահոս