«Ոչ մի ահաբեկիչ չի խուսափի վրեժխնդրությունից». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընթրիք է մատուցել առողջապահության նախարարության աշխատակիցների պատվին՝ կապված նրանց պրոֆեսիոնալ տոնի հետ, հայտնում է Anadolu գործակալությունը: Նա ելույթ է ունեցել, որտեղ անդրադարձել է երկրի քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու փաստի անհրաժեշտությանը:
«Ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարի համար հասունացել է երկրի քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը: Շուտով այդ փոփոխությունները ուժի մեջ կմտնեն: Ցանկանում եմ միանգամից նշել, որ այդ փոփոխությունները ոչ մի կերպ չեն սահմանափակի խոսքի ազատությունն ու անձի ազատությունը: Իսկ ահա մարդիկ, որոնք կաջակցեն ահաբեկչությանը, չեն մնա առանց արժանի պատժի»,- հայտարարել է Էրդողանը:
Նա նշել է, որ ահաբեկչական հարձակումները սովորաբար իրականացվում են բաց տարածքներում ու մարդկանց մեծ կուտակումների դեպքում: «Ահաբեկիչներն ընտրում են մարդկանց մեծ կուտակումների վայրեր: Այդպես էր Սուրուչում, Անկարայի կայարանի հրապարակում, Սուլթանահմեդում ու հիմա՝ Կըզըլայում: Ահաբեկչական ակտերն իրականացվում են պիկ ժամերին՝ մարդկանց կուտակման ժամանակ: Դա վկայում է ահաբեկչական կազմակերպությունների ստոր մտադրությունների մասին»,- ասել է Էրդողանը:
Նա նաև հայտարարել է, թե իրավիճակը Թուրքիայի անվտանգության ուժերի վերահսկողության տակ է գտնվում և որ ահաբեկչական հարձակումներին առնչություն ունեցող ահաբեկիչները, ուժերը, որոնք կանգնած են դրա հետևում ու օգնում են նրանց, թանկ կվճարեն դրա համար:
«Ոչ մի ահաբեկիչ չի խուսափի վրեժխնդրությունից: Ահաբեկիչները, որոնք պայթեցնում են ռումբեր ու մարդիկ, որոնք դրանք թաքցնում են լրագրողական գործունեության անվան տակ, կրում են միևնույն պատասխանատվությունը: Նրանցից յուրաքանչյուրը կստանա իր արժանի պատիժը»,- ընդգծել է Էրդողանը: