ԱԺ-ն քննարկում է ԵԱՏՄ-ից ներկրվող ավտոմեքենաների ԱԱՀ-ն վերացնելու հարցը (ուղիղ միացում)
Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի երկրորդ նիստը:
Մարտի 14-ին նիստում պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և դրան կից մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը: Առաջարկվող փոփոխություններով միջնաժամկետ հեռանկարում էներգետիկ համակարգում կստեղծվեն նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ արտադրական նոր հզորություններ, այդ թվում՝ արևային էներգիա յի կիրառմամբ, որոնք զգալիորեն կթեթևացնեն էներգետիկ համակարգում գործող արտադրական հզորությունների բեռը՝ նվազեցնելով կախվածությունը ներկրվող ածխաջրածնային վառելիքներից:
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավորների և ՀՀ կառավարության կողմից համատեղ ներկայացված «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող և համահեղինակ Վարդան Այվազյանը տեղեկացրել է, որ փաթեթի ընդունումը պայմանավորված է ԵՏՄ տարածքից Հայաստանի տարածք ավտոմեքենաների ներկրման ժամանակ ֆիզիկական անձանցից գանձվող ավելացված արժեքի հարկի պահանջի վերացման անհրաժեշտությամբ: ԵՏՄ-ն, հանդիսանալով մեկ միասնական ընդհանուր տնտեսական տարածք, ենթադրում է ապրանքների, ռեսուրսների և կապիտալի ազատ տեղաշարժ, որն ամրագրված է նաև ԵՏՄ իրավապայմանագրային փաստաթղթերում: