Բաժիններ՝

67-ամյա տիկին Զիտայի երազանքը թոռներին առնետներից փրկելն է

Asparez.am-ը գրում է. «Ոլոր-մոլոր, քանդված ճամփեքով հազիվ հանդիպման վայր է հասնում 67-ամյա տիկին Զիտան: Հեւում է, խորը շունչ քաշում, ապա` բարեւում:

Փոշոտ, խորդուբորդ նույն ճամփան տանում է Գյումրու Ավտոկայան տնակային թաղամաս: Գույնզգույն ներկված, քանդված տնակների խորքում` փոքր դարպասով տնակը տիկին Զիտայենցն է:

104/408 տնակում ապրում է Զիտա Զաքարյանն իր բազմանդամ ընտանիքի հետ: Կիսամութ, խոնավ, փոքր, նեղլիկ սենյակներում ապրում է Զաքարյանների 7 հոգուց բաղկացած ընտանիքը: 12 մետր երկարությամբ տնակն արդեն ամբողջությամբ քայքայվել է անձրեւից, ձյան հալոցքից ու կաթոցներից, խոնավությունը զգացնել է տալիս պահարաններում, պատերի վրա եւ ամենուր: Ներս մտնելիս` միանգամից զգացվում է բորբոսի ու խոնավության անտանելի հոտը:

zita-1-150x150

Տնակի մեջտեղում փայտի վառարանն է, իսկ վառելափայտը վերջանում է: Կոմունալ տարրական հարմարություններ՝ որպես այդպիսիք, թեպետ կան այս տնակում, բայց անհարմար են` կիսաքանդ ու կիսավեր:

Տնակի խորքում` օրորոցի մեջ խորը քնով պառկած է տիկին Զիտայի 1 ու կես տարեկան թոռնուհին` մանկահասակ Զիտան, իսկ մյուս անչափահաս թոռներն իմ այցելության ընթացքում տնակում չէին: Ահա այսպիսի պայմաններում, առնետների, մկների կողքին մեծանում են փոքրիկ Զիտան եւ երկու անչափահասները:

67-ամյա կնոջ խոսքով` պետության կողմից ընտանիքը ստանում է կենսաթոշակ ու ընտանեկան նպաստ, որն ընդհանուր կազմում է 52 հազար դրամ: Տիկին Զիտայի որդին հիմնական աշխատանք չունի, օրավարձով է աշխատում, գտած աշխատանքն էլ, ինչպես շատերի համար Գյումրիում, ժամանակավոր է:

zita-6-1

Զաքարյանների ընտանիքը Գյումրու այն հազարավոր ընտանիքներից է, որը երկրաշարժի հետեւանքով կորցրել է բնակարան, պետությունը փոխհատուցել է 1990-ականներին, սակայն ինչ-ինչ պատճառներով կրկին դարձել են անօթեւան ու ստիպված են ապրել ժամանակավոր կացարանում:

zita-5

Զաքարյանները պետության կողմից բնակարան են ստացել դեռ 1991 թվականին` «Անի» թաղամասում: Շատ չանցած` 1996-ին, տիկին Զիտայի ամուսինն հիվանդանում է: Կնոջ պատմելով, եկամտի որեւէ այլ աղբյուր չունենալով, վաճառում է չորս սենյականոց բնակարանը՝ մի քանի տարով ամուսնու կյանքը երկարացնելու եւ ժամանակավորապես բուժումն ապահովելու նպատակով: 1997-ից Զաքարյանները բնակվում են Ավտոկայանի այս տնակում, իսկ մի քանի տարի անց` 2009թ-ին, մահանում է տիկին Զիտայի ամուսինը:

Քայքայված պատերի ներքո կինը երեխաներ է ամուսնացրել, թոռներ ունեցել, բազմաթիվ դժվարություններ, նաեւ ուրախություն տեսել:

Տիկին Զիտան այսօր չի աշխատում, հիվանդ է՝ 3-րդ կարգի հաշմանդամություն ունի, իր խոսքով` դուստրը եւս առողջական խնդիրներ ունի:

Ճանապարհածախս չունենալու պատճառով կինը չի կարողացել գնալ նույնիսկ բուժման: Շիրակի մարզպետարանի կողմից վերջերս ստացել է անվճար, արտոնյալ պայմաններում բժշկական օգնություն ստանալու ուղեգիր՝ դեպի Գանձաղբյուր, բայց, ինչպես հավաստիացնում է կինը, 30 հազար դրամ ճանապարհածախս է անհրաժեշտ մեկնելու եւ վերադառնալու համար, իսկ իր թոշակը կազմում է ընդամենը 16 000 դրամ:

zita-3

…Տնակում վերջանում է նաեւ վառելափայտը, ձմռանը ընտանիքին վառելափայտով օգել են եւ Գյումրու քաղաքապետարանը, եւ «Շիրակ» ՀԿ-ն: Վառելափայտից մնացել է ընդամենը մի արկղ, իսկ տնակում ցուրտ է եւ խոնավ: Այսքան դժվարություններից, կորստից եւ հիվանդությունից հետո տիկին Զիտան դեռեւս չի դադարում երազել: Նրա միակ երազանքը քարաշեն բնակարանն է, թոռներին առնետներից ու խոնավությունից փրկելը»:

zita-7

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս